top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Վարձով. բնակարա՞ն, ոչ, գի՛րք

Այս տարվա հունվարին Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց «Գրքերի վարձույթ» էջը, որը կարճ ժամանակում հասցրեց դառնալ ընթերցասերների նախընտրելի գրադարաններից մեկը: Նոր գրքեր՝ նոր տպագրությամբ: Այլընտրանքային գրադարանի և գրականության մասին զրուցել ենք նախաձեռնության հեղինակ Վահե Բաղինյանի հետ:

– Ո՞րն էր վարձույթով գրքեր տրամադրելու պատճառը:

– Մինչև նախաձեռնության կազմակերպելը, ես էլ բոլորի նման սովորական ընթերցող էի, որը գիրք կարդալու համար դիմում էր գրադարաններին ու գրախանութներին: Գրախանութներում հայերեն թարգմանված գրքերը թանկ են, իսկ գրադարաններում ոչ միշտ են հասանելի լինում ժամանակակից հեղինակների թարգմանված գրքերը: Գրքերի թանկ լինելը, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները՝ հեղինակային իրավունքի ձեռքբերում, թարգմանիչներին վճարում, տպագրություն, հարկեր և այլն: Այս պայմաններում սովորական ընթերցողը պետք է ամեն անգամ զգալի գումարներ ծախսի լավ գրքեր կարդալու համար: Ես մտածեցի՝ եթե ժամանակին մենք նոր ու լավ ֆիլմեր դիտելու համար վարձույթներից բավական էժան վերցնում էինք ֆիլմերի սկավառակները, ինչու նման տարբերակ չկիրառել գրքերի դեպքում, որի արդյունքում նախաձեռնությունից գոհ կլինեին ընթերցողները, երբ 5000-9000 դրամանոց գրքի համար կվճարեին ընդամենը 500դր, գոհ կլինեին գրախանութները, որովհետև ես պարբերաբար ձեռք եմ բերում գրքեր, գոհ կլինեին հրատարակիչները, որովհետև անընդհատ գովազդում եմ նրանց հրատարակած գրքերը: Երբ ծրագրիս մասին խոսեցի ինձ հարազատ մարդկանց հետ, շատ տարբեր կարծիքներ լսեցի: Ոմանք նույնիսկ հեգնեցին՝ պատճառաբանելով «Հիմա ով է գիրք կարդում, որ մի հատ էլ գան, վարձեն»: Բայց ես գիտեի, որ ունենք ընթերցողներ, ու շատ ունենք: Չնահանջեցի: Արդյունքը խոստումնալից էր: Հիմա կարող եմ վստահաբար ասել՝ մենք ունենք հիանալի ընթերցողներ, գրագետ ու ճաշակով: Ավելին, շատերի հետ արդեն բավական մոտ հարաբերությունների մեջ եմ:

– Նախաձեռնությունն աջակիցներ, գործընկերներ ունի՞:

-Նախաձեռնությունն իմ սեփական միջոցներով է կյանքի կոչվել: Գործընկերներ, որպես այդպիսին, չկան: Կան հրատարակիչներ, որոնք աջակցություն են ցուցաբերել, հատկապես «Անտարես» հրատարակչությունը, «Զանգակը»: Անչափ շնորհակալ եմ «Անտարես» հրատարակչությանը, որի տրամադրած զեղչերի շնորհիվ նախաձեռնությունը կյանքի կոչվեց և ընթացքում ավելի ակտիվանացավ:

-Հասարակության ո՞ր շերտն է հիմնականում օգտվում վարձույթից:

-Ֆեյսբուքը, ժամանց ապահովելուց բացի, շատ հզոր զենք է բիզնես ոլորտում և ոչ միայն («Գրքերի վարձույթ» էջը տարածվում է միայն Ֆեյսբուքի միջոցով): Ուսումնասիրելով էջի վիճակագրությունը՝ պարզ դարձավ, որ հետևորդների 85%-ն աղջիկներ են, 15%-ը՝ տղաներ: Աշխատանքային 9 ամիսների ընթացքում ընդամենը 7-8 տղա է դիմել մեզ: Հասարակության ամենաակտիվ օգտվող կորիզը 17-25 տարեկան ընթերցողներն են, նույնիսկ կարելի է ասել 22, իհարկե կան տարեց ընթերցողներ ևս:

-Ի՞նչ գրականություն եք առաջարկում:

-Երբ սկսեցինք, հիմնականում արտասահմանյան գրականություն էր: Գաղտնիք չէ, որ օտար, ճանաչում ստացած հեղինակները ավելի գրավիչ են ընթերցողի համար: Այս պահին վարձույթում առաջարկվող գրքերի հարուստ տեսականի ունենք, այս ամիսների ընթացքում ես նվազագույնի հասցրի մերժումները: Համալրեցի ռուս գրականությամբ. այն գրքերը, որոնք հայերեն ունենք, փորձում եմ ունենալ նաև ռուսերեն, հետագայում՝ նաև անգլերեն: Գրադարանը համալրեցի նաև հին հրատարակված գրքերով: Եթե սկզբնական ամիսներին ամեն երրորդ ընթերցողի պատվերը մերժում էի, այժմ կարող եմ վստահ ասել, որ մերժում ամիսը մեկ անգամ է լինում, այն էլ այնպիսի գրքերի, որոնց պահանջարկը շատ չէ: Ընթացքում նկատեցի հայ ժամանակակից գրողների գործերի նկատմամբ ոչ այնքան ակտիվ պահանջարկ: Ինքս գրեթե բոլոր հայ հեղինակների հետ ծանոթ եմ, ծանոթ եմ նաև նրանց գործերին, ու ցավ էի ապրում, որ քիչ էին պատվիրում նրանց գրքերը: Նաև միջոցներ չունեի համալրելու գրադարանը նրանց գրքերով, բայց օգնության եկան ընկերներս: Նրանք ակցիա կազմակերպեցին, ամեն մեկն առաջարկեց իր կողմից մեկ գիրք նվիրել «Գրքերի վարձույթին»: Ես բոլորին խնդրեցի նվիրել հայ գրողների գրքերը: Արդյունքում ունեցա նաև նրանց գրքերից և անմիջապես հայտարարություն տարածեցի՝ բոլոր նրանք, ովքեր կպատվիրեն գիրք, հայ գրողների գրքերը կտրամադրենք անվճար: Աշխատեց. նրանք, որոնք երբեք չէին կարդացել մեր ժամանակակից հեղինակներին, հիմա մեծ սիրով սպասում են Գրիգի, Պաչյանի նոր գրքերին: Գիրք նվիրելու օրը ես թաքուն հետևում էի լայքերով գիրք շահելու գործընթացին: Ու չորս հոգու գիրք նվիրեցի միայն այն բանի համար, որ նրանք հայ հեղինակների գրքեր էին ցանկացել: Ի դեպ, գրքերն անձամբ հեղինակներին խնդրել էի մակագրել:

-Արտասահմանյան հեղինակներից որո՞նք են առավել պահանջվածները: -Առավել պահանջվածներից են Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը», Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին»:

– Ո՞րն է գրականության ազդեցությունը ներկայիս հասարակության մեջ: Հարցազրույցներից մեկի ժամանակ ես ասել էի, որ ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կարդում են: Որքան էլ պաթոսային հնչի ասածս, բայց ես դրա մեջ տեսնում եմ, եթե ոչ բոլոր, գոնե՝ որոշ խնդիրների վերացում: Պատկերացնո՞ւմ եք երթուղայինի վարորդ, որը գոնե տարին երկու գիրք կարդա, արդյո՞ք կպահի իրեն նույն ձևով, ինչպես պահում է, կամ պատկերացնու՞մ եք Մարկես կարդացող ու միտինգ ցրող ոստիկանի, Ռեմարկ կարդացող կադաստրի աշխատողի, Քամյու կարդացող պատգամավորի, Ջորջ Օրուել կարդացող վուլկանիզացիայի աշխատողի: Ինչ հաճելի կլիներ, չէ՞: Բացի այդ, կարդացող հասարակությանը գրեթե անհնար է քաղաքական անհեթեթ որոշումներով կոտրելը: Ես բողոքելու փոխարեն գործի եմ անցել ու նպաստում եմ այդ ամենի իրականացմանը: Գիրք կարդացող մարդն այլ հոգեվիճակում է, այլ արժեքների կրող, կարդալու շնորհիվ երկրում տիրող մթնոլորտն էլ շղթայական ռեակցիայի պես թափանցում է բոլոր ոլորտները ու լուծում անկիրթ լինելու հետևանքով առաջացած ցանկացած խնդիր:

Մարիամ Գրիգորյան

2 views0 comments

Comments


bottom of page