«Ստանդարտ»՝ ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն Հայաստանում, որը կրում է «Անալոգ լեռը» խորագիրը: Տրիենալեի մեկնարկը տրվեց այս հուլիսին ՝ արժանանալով մեծ արձագանքների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Ժամանակակից արվեստի ցուցադրությունների շարքը տևելու է մինչև դեկտեմբեր: Տրիենալեին առավել մանրամասն ծանոթանալու համար զրուցեցինք Արվեստների հայկական խորհրդի տնօրեն Մարինե Հարոյանի հետ:
– Ինչո՞ւ «Ստանդարտ» և ինչո՞ւ հենց «Անալոգ լեռը» խորագրով:
Տրիենալեն ներշնչված է 1924 թվականին Մոսկվայում տպագրվող «Ստանդարտ» հայկական ավանգարդ պարբերականի անունից, որի հիմնադիրներն են եղել Եղիշե Չարենցը և ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը: Պարբերականի եզակի օրինակը այժմ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:Խորագրի ընտրությունը կատարել է տրիենալեի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշտենբերգը ՝ ոգեշնչվելով ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի «Անալոգ լեռը» անավարտ վեպից:
– Ե՞րբ և ինչպե՞ս է ծագել տրիենալեն ստեղծելու միտքը:
2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում հայակական տաղավարը նվաճեց «Ոսկե առյուծ» մրցանակը, որը բարձրագույն պարգևն է: Այս մեծ հաջողությունից հետո մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վարդան Կարապետյանին և համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշտենբերգին առաջարկեց Հայաստանում ստեղծել ժամանակակից արվեստի միջազգային հարթակ: Վերջինս պետք է կա՛մ բիենալե լիներ, կա՛մ տրիենալե: Հայաստանի համար տրիենալեն ավելի հարմար էր, քանի որ ծրագիրը բավական ծախսատար է, և դժվար կլիներ երկու տարին մեկ կազմակերպել: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիենալեները շատ են, ուստի ցանկալի չէր, որ Հայաստանի բիենալեի անցկանցման տարին համընկներ տարածաշրջանային երկրների՝ Վրաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Վենետիկի բիենալեի հետ:
– Ո՞ւմ ջանքերով է իրականացվել նախագիծը:
Ծրագրի գլխավոր կազմակերպիչը Արվեստների հայկական խորհուրդն է ՝ ՀՀ Մշակութի նախարարության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, «Հասրաթյան» հիմնադրամի և այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ համագործակցությամբ: «Ստանդարտ» Ժամանակակից արվեստի տրիենալեի համար գլխավոր համադրող ընտրվեց Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը, որը եղել է նաև 2015 թվականի Վենետիկի բիենալեում բարձրագույն պարգևը նվաճած Հայկական տաղավարի համադրողը:
– Ի՞նչ սկզբունքով են ընտրվել տրիենալեի ցուցադրության տարածքները և մասնակից արվեստագետները:
Քանի որ տրիենալեի կոնցեպտի հիմքում ընկած էր երկխոսություն ստեղծել պատմական ժառանգության և ժամանակակից արվեստի միջև, նպատակ ունեինք ընտրել այնպիսի հարթակներ, որոնք ինքնին արդեն պատմական ժառանգություն են: Ուստի ընտրվեցին Գյումրին, Սևանը և Երևանի երկու ցուցահանդեսների համար նախատեսված տարածքները: Գյումրիի երեք թանգարաններն էլ (Ասլամազյան քույրերի պատկերասրահ, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Սերգեյ Մերկուրովի թանգարան) ունեն պատմական նշանակություն: Կաբակովների ինստալիացիան «Հայ Արտ» մշակութային կենտրոնում ներկայացնելը նույնպես պատահական չէր: Այդ կառույցը ժամանակակից արվեստի առաջին թանգարանն էր ամբողջ Խորհրդային Միությունում: Սևանում է գտնվում Գրողների ստեղծագործական տունը, որը մոդեռն ճարտարապետության լավագույն կառույցներից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով:
Հեղինակներին ընտրել է Ադելինա Ջուբերյանը: Նա ծանոթ էր այս հեղինակներին, գիտեր նրանց կարողությունները և ելնելով նրանց աշխատանքներից ՝ գտել է, որ համապատասխանում են կոնցեպտին: Նա երկու անգամ այդ հեղինակների հետ միասին եկել և շրջել է Հայաստանով մեկ ՝ աշխատելով կոցեպտի, ընդհանուր գաղափարների վրա, որից հետո հեղինակները իրենց գործերը ստեղծել են հենց Հայաստանում: Նշեմ, որ ցուցադրվող գործերի մեջ կան շատ սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներ: Սակայն մենք խնդիր չենք դրել անպայման հայ արվեստագետների գործեր ցուցադրել՝ հիմնվելով միմիայն նրանց ազգային պատկանելության վրա: Համադրողի խնդիրը եղել է ընտրել այն արվեստագետներին, որոնք բավարարում են իր հայեցակարգին և չափանիշերին:
– Ո՞րն է տրիենալեի հիմնական նպատակն ու առաքելությունը:
Շատ կարևոր է, որ Հայաստանն ունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հարթակ, և օտարերկրյա արվեստագետները երկխոսության մեջ մտնեն մեր արվեստագետների հետ: Հայաստանում շատ կարևոր քայլ արվեց, երբ ստեղծվեց «Արվեստ-Հայաստան» հիմնադրամը, որի հայտարարած մրցույթի արդյունքում առաջին անգամ դրամաշնորհ տրվեց հայ արվեստագետներին ՝ արվեստի գործեր ստեղծելու համար: Մրցույթում հաղթած հայ արվեստագետները դարձան տրիենալի մասնակից արվեստագետներ: Տրիենալեն ամեն անգամ ունենալու է տարբեր համադրողներ և հանդես է գալու տարբեր հարթակներում: Մեր տրիենալեի քաղաքականության մեջ է մտնում չսահմանափակվել Երևանով, ամեն անգամ ընդգրկել տարբեր մարզեր և տարածքներ: Այս տրիենալեները ունեն հասարակության մեջ ժամանակակից արվեստի ճաշակ ներշնչելու և տարածելու առաքելություն: Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող Իլյա և էմիլիա Կաբակովների և բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները, որի արվեստը կարևորագույն տեղ է զբաղեցնում համաշխարհային լուսանկարչական արդի արվեստի պատմության մեջ: Անշուշտ, կոնցեպտուալ ժամանակակից արվեստը դեռ շատ ընկալելի չէ մեր հայ հասարակության համար: Երբեմն մարդիկ, այն համեմատելով տրադիցիոն արվեստի հետ, ասում են. «Սա ի՞նչ է, մենք էլ կարող ենք անել» ՝ չհասկանալով, որ այստեղ խնդիրը ավելի շատ գաղափարի մեջ է, քան արվեստի տեխնիկայի:
Օգտագործված հասկացությունների բառարան տրիենալե – արվեստի բնագավառում ցուցադրությունների շարք, որը տեղի է ունենում երեք տարին մեկ բիենալե – արվեստի բնագավառում ցուցադրությունների շարք, որը տեղի է ունենում երկու տարին մեկ ավանգարդիզմ [ֆր.՝ avant-առջև, garde-պահազոր] – 20-րդ դարի գեղարվեստական շարժում, որը ձգտում էր արվեստի արմատական փոփոխության ինչպես բովանդակային, այնպես էլ ձևի առումով կոնցեպտուալ արվեստ կամ կոնցեպտուալիզմ [լատ.՝ conceptus-միտք, պատկերացում]- 20-րդ դարի արվեստի ուղղություններից է: Կոնցեպտուալ արվեստում միտքը և կոնցեպտը աշխատանքի կարևորագույն մասն են կազմում: Այստեղ միտքը դառնում է այն մեքենան, որը «արվեստ» է ստեղծում: ինստալիացիաներ – կոնցեպտուալ արվեստի ստեղծագործություններ մոդեռնիզմ [իտալ.՝ modernismo-ժամանակակից հոսանք, լատ. ՝ modernus- ժամանակակից, ոչ հին] – 20-րդ դարի ուղղություն մշակույթի մեջ, որը բնութագրվում է մշակութային, պատմական փորձի հետ կապի խզմամբ, ձգտումով հաստատել նոր, ոչ տրադիցիոն սկիզբ արվեստում, ոչ պայմանականություն տրադիցիոն արվեստ – ուղղություն մշակույթի մեջ, որը արվեստում սահմանված կանոններն ու սովորույթները վեր է դասում մարդկային մտքից
Հռիփսիմե Հայրապետյան
Comentarios