top of page

Միջազգային քննությունները հայերենով

  • Writer: Brusov Journalism
    Brusov Journalism
  • Mar 6, 2018
  • 3 min read

Աշակերտների համար «երկու երնեկ հայտնվել են մի տեղում»՝ նրանց ամենամեծ երազանքներից մեկն ու մի հումորային ցանկություն իրականություն են դարձել. այսուհետ կկարողանան հայերենով հանձնել միջազգային քննություններ և ընդունվել աշխարհի լավագույն բուհեր, իսկ ուսուցիչները քննություններ կհանձնեն նրանց դասավանդելու համար: Երազանքն իրականություն է դառնում Արարատյան բակալավրիատ (ԱԲ ) հայալեզու ծրագրի շնորհիվ, որը մշակել է «Այբ» կրթական հիմնադրամը Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ:

Ավագ դպրոցներում գործող նոր ծրագրի մասին հարցազրույցը Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, հայոց լեզվի առաջատար մասնագետ Նաիրա Ղումաշյանի հետ է:

-Ինչպե՞ ս դառնալ Արարատյան բակալավրիատի աշակերտ:

ԱԲ-ի ընդունելության քննությունները սկսվում են 10-րդ դասարանից: Կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները:

Քննությանը հաջորդում է հարցազրույցը: Պարտադիր պայման է անգլերենի իմացության միջին մակարդակը, քանի որ անգլերենը ուսուցման ընթացքում աշխատանքային 2րդ լեզուն է լինելու:

Ընդունվելու համար անհրաժշտ է 3 քննություն հանձնել՝ մաթեմատիկա և տրամաբանություն, հայոց լեզու և հասարակական գիտություն (պատմություն կամ գրականություն), բնագիտություն ( ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, որոնցից ուսանողը պետք է ընտրի երկուսը):

Արարատյան բակալավրիատի դպրոցի աշակերտ դառնում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորների հիման վրա:

-Որո՞ նք են այն առավելությունները,որ Արարատյան բակալավրիատը կտա ավագ  դպրոցի աշակերտներին:

Կարևոր առավելություն է կիրառական և վերլուծական ունակությունների զարգացումը, ոչ թե պարզապես փաստային գիտելիքների մեխանիկորեն վերարտադրել սովորեցնելը: ԱԲ-ի համակարգային ընդգրկունության շնորհիվ աշակերտը, իր նախասիրությունների հիման վրա, ընտրում է մասնագիտական կողմնորոշում: Իսկ նրանց համար, որոնք չեն կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության մեջ, կատարվում է խորհրդակցություն:

Ծրագիրը տալիս է միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

Չնայած առարկաները դասավանդվում և քննվում են հայերենով, ուսման վերջում ապահովվում է անգլերենի B2 և C1 մակարդակ:

-Ծրագրի առաջացման հիմնական նպատակը ո՞ րն էր:

Ավագ դպրոցի համակարգը ձախողվել է. այն ռազմավարությունը,որ նախնական փուլում ծրագրվել էր  համակարգի ստեղծման և զարգացման  համար այդպես էլ չիրականացավ: Ավագ դպրոցներն այսօր փակուղու առաջ են,իսկ Արարատյան բակալավրիատի ծրագրի իրականացումը փակուղուց դուրս գալու միակ ելքն է:

Այն հայալեզու միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է,որը Հայաստանում ապրող բոլոր աշակերտներին մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն է ընձեռում:

Ծրագիրը նպատակադրում է մեր աշակերտներին որպես հասարակության անդամ զարգացնելը: Իսկ մեր հասարակության մեջ արժեքային համակարգի  և մտածողության փոփոխության անհրաժեշտությունն ակնհայտ է:

–Մտավախություն չկա՞ , որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխելու փոխարեն կկրկնօրինակենք այլ երկրների կրթական համակարգերը:

Մտավախությունն անտեղի է: Արարատյան բակալավրիատը վերցնում է համաշխարհային կրթական համակարգերի փորձը, բայց նաև հաշվի է առնում մեր ազգային առանձնահատկությունները (ընտանիքի պահպանողական մոդելը, երեխաների նկատմամբ ծայրահեղ սերն ու նվիրումը ծնողների կողմից, որը սահմանափակում է ինքնուրույնությունը, կրթության նկատմամբ ընդգծված ձգտումը, որ հաճախ ձևականության է հասցվում և այլն):

Մեր պահպանողական մտածողությունը մեզ թույլ չի տալիս կուրորեն հետևել օտարի փորձառությանը: Ես վստահ եմ՝ կվերցնենք լավագույնը, կավելացնենք սեփականը ու կստանանք արդյունավետ կրթական համակարգ, որտեղ կարժևորվեն մեր ազգային արժեքները՝ հիմնվելով համաշխարհային առաջավոր փորձի վրա:

– Տասը տարվա մշակումից հետո, ըստ Ձեզ, նախագիծը կատարյա՞լ է:

Ոչինչ լիարժեք կատարյալ չի լինում, ցանկացած բան միշտ կարող ես ավելի լավը  դարձնել: Իհարկե, վրիպումներ կարող են լինել, բայց այն կատարյալ դարձնելու ցանկությունը իսկապես կատարյալ է: Ծրագիրն, իր համակարգվածության մեջ, շատ մոտ է իդեալականին: Մնում է միայն նախատեսվածը ճիշտ և տեղին իրականության վերածել, այս գործում էլ մեծ դեր  ունեն այն ուսուցիչները,որոնք կիրականացնեն ծրագրի գաղափարը:

–Դժվարություններ կայի՞ ն արդյոք քննությանը նախապատրաստվելիս:

Անձնական փորձառությանս ընթացքում տարբեր մանկավարժական մրցույթների համար քննություններ պարբերաբար հանձնել եմ:

Բացի  այդ, քննությունը ստեղծագործական և վերլուծական մասնագիտական որակներ էր պահանջում ուսուցչից, ստանդարտից դուրս մտածողություն, իմացածի տեղայնացման հմտություն։ Իսկ երբ դու կայացած մասնագետ ես, դժվարության հանդիպելու որևէ մտավախություն չես ունենում: Այնպես որ, ինձ համար քննական իրավիճակը շատ բնական գործընթաց է, որին ես մոտեցել եմ շատ հանգիստ և հավասարակշիռ,որևէ լարվածություն չկար:

                                                                                                                                                                                    –Ի՞նչ  զգացիք, երբ առսջին քննությունից պարզ դարձավ, որ հայոց լեզվի առաջատար մասնագետն եք հանրապետության մասշտաբով:

Բնույթով մաքսիմալիստ եմ: Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է ավելի կայացած զգալ, միաժամանակ ձգտում եմ հասնել ավելիին:

Արարատյան բակալավրիատի մասնագիտական քննությանը ամենաբարձր արդյունքը ցույց տալով՝ ես բավարարվածություն զգացի, հաղթողի երջանկություն, հպատություն, որ իմ և դպրոցիս պատիվը բարձր պահեցի:Կրկնակի երջանկացա, երբ պարզ դարձավ, որ դպրոցի 7 ուսուցիչ հաղթահարել է մասնագիտական թեստավորման փուլը և կմասնակցի ծրագրի հետագա փուլերին:

-Քննությանը պատրաստվելու լարված ու անքուն գիշերների ընթացքում ցանկություն չառաջացա՞վ աշակերտների քննություններն ավելի հեշտ դարձնել:

Անկեղծ ասած, անքուն գիշերներ չեմ ունեցել J:

Քննությունը յուրահատուկ հնարավորություն է ամփոփելու սովորածդ, փորձառություն, որն անհրաժեշտ է անցած ճանապարհդ արժևորելու համար:

Ցանկություն առաջացավ, բայց ոչ թե աշակերտների քննությունները հեշտացնելու, այլ առավել արդյունավետ դարձնելու նրանց ուսումնառությունը, որ ցանկացած քննություն ոչ թե սթրես, այլ  գիտելիքները ամփոփելու և ստուգելու լավ հնարավորություն դառնա: Մեր դպրոցում էլ փորձում ենք այնպես անել, որ քննությունը դիտվի  որպես դրական երևույթ, ոչ թե պատժամիջոց:

–Այս պահին ծրագիրը ո՞ր փուլում է:

Ծրագրի մասնագիտական զարգացման փուլն է, որը շատ ծանրաբեռնված է: Այն ուսուցիչներից աշխատասիրություն և արդյունավետգործելաոճ է պահանջում:

Յուրաքանչյուր շաբաթվա մանկավարժական-հոգեբանական հոդվածների առցանց քննարկումները, դրանց վերաբերյալ գրվողանդրադարձ-ամփոփագրերը, գործնական աշխատանքները և այն ամենը, ինչ արվում է դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում,յուրահատուկ փորձառություն են, որ օգնում է հնարավորինս լավ իրագործել կրթական այս նոր ծրագիրը:

–Կարդարացնի՞ արդյոք ծրագիրը այն նախնական նպատակները, որոնց միտված է:

Մեծ հույսեր ունենք, որ կարդարացվի ծրագրի ներդրումը ավագ դպրոցներում:

Կարծում եմ՝ այս անգամ չի խեղաթյուրվի կրթական բարեփոխումը, իսկ կրթության

մակարդակը կբարելավվի: Կա հավատ, կա վստահություն, կա նվիրում. սրանք են ծրագիրն իրականություն դարձնող գրավականները:

                                                   Արուս Հովհաննիսյան, 3-րդ կուրս

 
 
 

Comments


bottom of page