Թեև տուրիզմը Հայաստանում հայտարարված է զարգացման գերակա ոլորտ, և տարեցտարի ներգնա տուրիստներիքանակի որոշակի աճ է գրանցվում, այնուամենայնիվ, դեռ խնդիրներ կան: Այստեղ ևս երիտասարդությունն իր ուրույն դերն ունիխնդիրների հաղթահարմանն ուղղված նորարարական և ստեղծագործ գաղափարների իրացման գործում: Երիտասարդ զբոսավար, թարգմանիչ և պարզապես էնտուզիաստ Ռիմա Հարությունյանը խոսում է Հայաստանում տուրիզմի առկա վիճակի, իր աշխատանքի նրբությունների և հեղինակային Guide’s Diary (Գիդի օրագիրը) նոր ֆորմատով տուրիստականնախաձեռնության մասին:
– Տուրիզմը Հայաստանում. ի՞նչ խոչընդոտներ կան ոլորտի զարգացման ճանապարհին: Տուրիզմը երկրի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է և շատ կարևոր է, որ պատշաճ ուշադրության արժանանա, ինչը ցավոք դեռ չի արվում: Ըստ իս, Հայաստանն իրեն արժանի ձևով չի ներկայանում զբոսաշրջիկին: Խնդիրները շատ են՝ սերվիս, ճանապարհներ, ճանապարհներին հանրային զուգարանների բացակայություն և այլն: Ոլորտը դեռ բավականաչափ չի հսկվում: Հայաստանն անսահման գրավչություն ունի, ես սա ասում եմ, նախ և առաջ որպես հայ, ցավոք սրտի, այդ գրավչությունն այնքան էլ ճիշտ չի օգտագործվում: Սակայն վերջին տարիներին շարժ նկատվում է, մարդկանց գրավելու, երկիրն իր բոլոր կողմերից ցույց տալու միտումը բավական բարձրացել է:
-Հիմնականում ի՞նչն է գրավում զբոսաշրջիկներին Հայաստանում: Առաջնահերթ գրավում է հնությունը: Շատ զարմացած են՝ տեսնելով, օրինակ, Արենիում, գինու ամենահին գործարանը՝ 6500 տարեկան, 5500 տարվա կոշիկ, որ երբևէ չեն լսել ու տեսել: Եվրոպայից ժամանածներին հիմնականում մեր լեռներն են գրավում: Եվ որ ամենաշատն է հիացնում օտարերկրացի զբոսաշրջիկներին Հայաստանում՝ մարդկանց սրտաբացությունն ու հյուրընկալությունն է: Նախապատվությունները տարբեր են, կախված է, թե որ երկրից է զբոսաշրջիկը և ինչ նոր բան է բացահայտում այստեղ:
-Ի՞նչ հետաքրքիր լուծումներ են տրվում երկիրը տուրիստներին ճիշտ ներկայացնելու համար: Շատ դժվար հարց է, քանի որ այժմ բազմաթիվ տուրիստական գործակալություններ կան, որոնք մտածելով, որ տուրիզմը շահավետ բիզնես է, փորձում են իրենց ուժերն այդ ոլորտում, սակայն իրականում իրենք աշխատում են քանակի, ոչ թե որակի վրա և չեն ջանում Հայաստանը պատշաճ ներկայացնել, ինչը մեծ խնդիր է հիմա: Ինքս որպես զբոսավար, որպես արդեն տուրիստական կազմակերպություն ունեցող մարդ, փորձում եմ ամենախենթ մտքերս իրականություն դարձնել իմ աշխատանքում, որպեսզի զբոսաշրջիկների այցը Հայաստան էլ ավելի հետաքրքիր ու անմոռանալի լինի: Շատ տուրիստական գործակալություններ հիմնական երթուղիների վրա են շեշտը դնում՝ Գառնի, Գեղարդ, Սևան ու նման, արդեն ձանձրալի ուղղություններ: Օրինակ, կլասիկ տուրերի ժամանակ, թվում է, միայն եկեղեցիներ ես այցելում, մինչդեռ շատ հետաքրքություններ կարելի մտցնել դրա մեջ, ինչպես ես եմ անում, սկսած ժայռամագլցումից, գիտենք, որ շատ երկրներում չկա նման հնարավորություն, մինչև սարից սար թռչելը և այլն: Փորձում եմ որքան հնարավոր է ադրենալինաշատ, հետաքրքիր լուծումներ տալ տուրերին՝ թույլ տալով զբոսաշրջիկներին ամենախենթ փորձը ձեռք բերել Հայաստանում:
-Մի փոքր պատմեք «Գիդի օրագրի» մասին: Ո՞րն է նախաձեռնության նպատակը: Արդեն 2 տարի է, ինչ սկսել եմ ճամփորդել Հայաստանում, Եվրոպայում… Եվ երբ սոցկայքերում լուսանկարներ, տեսանյութեր էի տեղադրում, արձագանքները բուռն էին լինում, էդպես ծնվեց առանձին էջ ունենալու գաղափարը: Հայաստանում հայերը շատ քիչ գաղափար ունեն մեր տեսարժան վայրերի՝ Հայաստանի բնության թաքնված գանձերի մասին: Guide’s Diary-ի առաջնահերթ նպատակը տեղացի հայերին դրանց հետ ծանոթացնելն է, Հայաստանի չգնահատված ու չայցելվող վայրերը գովազդելն ու հայտնի դարձնելն է: Որպեսզի մարդիկ իրենց ճանապարհորդությունը սկսեն մե՛ր երկրից, բացահայտեն նրա չբացահայտված կողմերը, և դրանից հետո միայն արկածներ փնտրեն այլ երկրներում: Իսկ օտարազգիների համար, Հայաստանի գեղեցկությունը էկրանից այն կողմ վայելելուց զատ, էջը ծառայում է ցանկություն առաջացնելուն՝ գալ և տեսնել այն սեփական աչքերով: Էջը նաև տեղեկատվական է: Որևէ նկար, տեսանյութ տեղադրելիս համառոտ նկարագիր, տեղեկատվություն եմ տալիս, որպեսզի մարդիկ գաղափար կազմեն տվյալ վայրի մասին և այն անձամբ տեսնելու ցանկությունը մեծանա:
Սաթենիկ Հակոբյան
Comments