Շաբաթվա հերթական մի օր դասից հոգնած տուն էի գնում` ուշադրությունս կենտրոնացնելով ամեն մի չնչին բանի վրա, որ հանկարծ նորից չքնեմ ավտոբուսի մեջ (քանի անգամ քնելու պատճառով անցել էի իմ կանգառը): Որքան էլ զարմանալի էր՝ այս անգամ ավտոբուսում չկային ուղևորներ, ովքեր որոշել էին խախտել արդեն շատ վարորդների սահմանած «օրենքները»՝ հեռախոսով ճաշ չեփել, սեր չբացատրել և ընդհանրապես բարձր չխոսել:
Ավտոբուսը կանգնեց կանգառում, մի քանի մարդ իրար հրելով` բարձրացան ավտոբուս: Մի կին միայն այդ հրմշտոցին չէր մասնակցում: Բոլորին ճանապարհ տալով` նա վերջում բարձրացավ և մնաց կանգնած: Չնայած «նստի՛ր, նստի՛ր, աղջիկս» հորդորներին` տեղս զիջեցի նրան:
-Հայերը շատ շնորհքով են և մեծերը կը հարգեն: Այլ երկրներում երբեք չես նկատեր այսպիսի բան:
Ժպտացի, հարցրի, թե նա որտեղից է եկել: Պատասխանեց, որ երկու ամիս է, ինչ ընտանիքով Հորդանանից տեղափոխվել են Հայաստան մշտական բնակության: Մի տեսակ իր տան մեջ հյուր ունեցողի զգացումով ասացի, որ շատ ուրախ եմ, որ հայերը նորից Հայաստան են վերադառնում: Կողքից միջամտեց մի ծեր տատիկ.
-Լավ վիճակից չէ, որ վերադառնում են, եկել են,մի քանի ամիս էլ չեն դիմանա և հետ կգնան: Կգերադասեն ապրել Հորդանանում, Սիրիային այդքան մոտ, քան Հայաստանում` այս պայմաններում:
Նույնիսկ չիմացա ինչ ասել, կամ պե՞տք էր արդյոք ընդհանրապես ինչ- որ բան ասել:
Զրույցն այդպես ընդհատվեց: Երկու կանգառ հետո Հորդանանից եկած կնոջ կողքին տեղ ազատվեց: Նստեցի, և երևի զգաց, որ ամեն դեպքում մի բան ուզում եմ ասել:
-Գիտեմ ինչ կմտածես գոր, Հայաստանում ապրող շատերը այդպես կըմտածեն, բայց…
-Իսկ դո՞ւք, դուք ի՞նչ եք կարծում:
— Իսկապես դժվար է, առավել ևս ապրել, երբ պետք է ամեն ինչ զրոեն ըսկսիս այլ տեղ, եթե նույնիսկ այն քո հայրենիքն է: Շատ դժվարություններու կըբախվինք:
-Բայց երևի ամենամեծ դժվարությունը ֆինանսականն է, չէ՞,- հարցրի ես:
Ասաց, որ դա հարցի մյուս կողմն է: Աշխատանք արդեն գտել են և սիրով են աշխատում: Ավելի դժվար է նրա երկու դպրոցական երեխաների համար: Պատմեց, որ Հորդանանում գերազանց առաջադիմությամբ են երկուսն էլ սովորել դպրոցում, բայց այստեղ շատ են դժվարանում: Ուղղագրությունը լրիվ տարբեր է, մաթեմատիկական տերմիններն են շատ խառնում: Այստեղ իրենց տարիքի երեխաները սովորում են բաներ, որոնք նրանք դեռ այնտեղ չէին սովորել: «Բայց դրական տեղաշարժ ալ կա, հիմա, երբ կըհարցնեմ զավակներուս, թե արդյոք կուզեն ետ դառնալ, կըսեն ոչ, Հայաստանում ավելի լավ է: Այնպես որ կըկարծեմ ՝ ամենինչ կապված է ժամանակի հետ»:
Հանկարծ զանգեց նրա հեռախոսը:
-Այո, տղաս, խոսիր կը լսեմ գոր: Իրա՞վ, աբրիս ես դուն, մամային շատ ուրախացուցիր: Սպասիր հիմա գամ մը ավելի լավ կպատմես:
Հեռախոսն անջատեց, հետո ուրիշ համար հավաքեց:
-Ալո, Վազգե՞ն, լավ նորություն ունիմ քեզի համար, տղադ այսօր 9-ը բերեր է թվաբանության քնությունեն: Այո, Այո: Դե լավ, գաս՝ կըխոսինք:
Հեռախոսն անջատեց, նայեց ինձ, հետո ծեր տատիկին, ժպտաց ու ավելացրեց՝ վստահ եմ, որ մենք ամեն դժվարությունները կըհաղթահարենք հոս՝ մեր հայրենիքում՝ Աստծո կամքով:
Ջուլիա Եղիազարյան, 4-րդ կուրս
Հրապարակումը դիտելու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://yerkirmedia.am/social/hayastan-hordanan-hayreniq/
Comentarios