Պատմում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները
Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, մայոր Արթուր Օհանջանյանը
«1992-ին առաջին զորահավաքի երեխեքին բերեցին: Իրենք էլ անփորձ, 18 տարեկան տղերք էին: Վաշտի ավագ Վալերի Սիմոնյանը բոլորին շարք կանգնեցրեց ու հարցրեց. «Դուք ձեր մամային սիրո՞ւմ եք»: Բոլորը զարմացան նման հարցից, բնական է՝ ասացին «այո»:
«Իսկ ձեր պապային սիրո՞ւմ եք»: Դրական պատասխանից հետո շարունակեց. «Այստեղ ձեր մաման ես եմ, իսկ պապան՝ ինքը (մատնացույց անելով ինձ): Այստեղ ամեն կենցաղային հարցով դիմում եք ինձ՝ մամային, իսկ իրեն՝ պապային, կդիմեք միայն լուրջ հարցերով»:
«Մեզ հետ մի սերժանտ կար, հենց ազատ էր լինում, թողնում-գնում էր թուրքերի դիրքերը, սրանց կոտորում, մի գերի էլ վերցնում-բերում: Ինքն իր համար գնում էր «ռազվետկի»: Շատ զգույշ էր քայլում, նույնիսկ անտառում, ուր, բնականաբար, ամեն քայլին գոնե մի տերեւի ձայն լսվում է, հենց ինքն էր քայլում, քար-լռություն էր լինում: Մի անգամ խարույկի շուրջ նստած էինք: Սերժանտն ասաց. «Առավոտյան, երբ արթնանաք, ամեն մեկիցդ մի բան գողացած եմ լինելու, չեք էլ նկատելու»: Ու գնաց-պառկեց: Դե, ասածին այնքան էլ լուրջ չվերաբերվեցինք: Առավոտյան ամեն մեկիս մոտ մի բան պակաս էր»:
Պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին կապիտան Գարիկ Գրիգորյանը
«Ծպտված նստել ենք, որ երբ թշնամին գա, կարողանանք առաջն առնել: Դրան «զասադա» են ասում: Իմ քունն այդ օրն առանձնապես շատ էր տանում: Ասացի. «Տղեր՛ք, ես մի քիչ ձեզնից հեռվանում եմ, քնեմ, էլ չեմ դիմանում»: Իրենք էլ թե՝ հա, գնա: Մի որոշ ժամանակ անց տղաներից մեկը եկավ թե՝ «Գարիկ հոպար, վեր կաց էլի»: Ես էլ վեր թռա. «Ի՞նչ ա եղել»: Ասաց. «Փիս խռացնում ես, մենք՝ ջհանդամ, թուրքերն են կանչում: Ասում են՝ ախպոր պես, Գարիկին ասեք չխռացնի էլի, մենք էլ քնենք մի քիչ: Մարդ ենք, հանգստանանք»:
«Ես, Մինասյան Աղվանը, Հսկան, Ճուտ Արմենը, Սատանա Լիպոն, Գագեի Արտակը Մարտակերտի ճանապարհն էինք հսկում: Ճանապարհից ներքեւ շիֆերներով ու գերաններով մի փոքրիկ տեղ էինք սարքել՝ քնելու համար: Տեղն այնքան նեղ էր, որ սողալով էինք մտնում ներս: Տղերքից Արտակը մի փոքր երկար էր քնել՝ խախտելով Լիպոյի հերթը: Լիպոն էլ անընդհատ գալիս ու բողոքում էր. «Արտա՛կ, վեր կաց, ես էլ քնեմ, իմ հերթն ա արդեն…»: Արտակը վեր չէր կենում: Մինչ դա մենք իջել էինք գյուղ՝ մեզ պետքական իրերը բերելու: Լիպոն դպրոցի ռազմագիտության դասարանից մի ուսուցողական նռնակ էր գտել ու հետը բերել: Արտակին արթնացնելու անհաջող փորձերից հետո Լիպոն բարկացավ.«,Արտա՛կ, վեր կաց, թե չէ՝ էս գրանատը կպայթացնեմ»: Էդ պահը գրպանից հանեց նռնակը, кольцон քաշեց ու գցեց Արտակի գիրկը: Երկուսուկես վայրկյան անց էդ քնելու տեղը Արտակի վախեցած թռիչքից բարձրացավ օդ. ինչքան շիֆեր, փայտ էինք դրել, բոլորը խառնվեցին իրար: Արտակը երկար վազում էր Լիպոյի հետեւից»:
Հեղինակ՝ Շուշաննա Խաչատրյան, 4-րդ կուրս
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/07/941041/
Comments