top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

«Հանդիսատեսը կարոտած՝ ուներ թատրոնի կարիքը»․ Մարիետտա Դովլաթբեկյան


Կարանտինային պայմաններում թատրոնի ու դերասանի գործունեության, հատուկ նախագծերի և ամանորյա ներկայացումների մասին զրուցեցինք Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանուհի Մարիետտա Դովլաթբեկյանի հետ։


- Կարանտինային շրջանում ինչո՞վ են զբաղված եղել թատրոնը, դերասանը․ ե՞րբ եք անցել փորձերի բնականոն ընթացքին․


- Խիստ կարանտինի ժամանակ, որը մոտ մեկ ամիս տևեց մեր երկրում, բոլոր քաղաքացիների նման փակված ենք եղել բնակարաններում՝առանց աշխատանք․թատրոնը չգործեց շուրջ մեկ ամիս,բայց ինչպես սիրում է ասել մեր վարպետ Ռուբեն Բաբայանը , «Դերասանի համար չխաղալը ողբերգություն է»․ չգիտեմ, թե մյուս թատրոնները երբ են վերաբացվել, բայց մենք երկար չդիմացանք․ դիմակներով, ախտահանիչ պարագաներով զինված մեկ ամիս անց սկսեցինք մեր բոլոր կիսատ թողած ներկայացումների փորձերը։


- Տիկնիկային թատրոնն առաջին էր, որ համավարակի ժամանակ նախաձեռնեց «թատրոն բաց երկնքի տակ» ․ արդյո՞ք գաղափարն արդարացրեց իրեն․


- Սկզբնական շրջանում առաջին մի քանի ներկայացումները մանկական են եղել․ արդեն չորորդ ներկայացումը «Երեք քույրեր» կատակերգությունն էր, որից շատ բան մեզ համար պարզ դարձավ․ հանդիսատեսը այն չէր, ինչ եղել էր նախկինում։ Կար մեծ կարոտ, սեր, յուրահատուկ հետաքրքրություն ներկայացման, անգամ, ոչ էական տեսարանների նկատմամբ․ հենց այդ ներկայացումից հետո հասկացանք, որ հանդիսատեսը ուներ թատրոնի կարիքը․ կարող եմ ասել, որ այո, գաղափարն արդարացրեց իրեն սպասվածից ավելի։


- Հունիսին ներկայացրիք գովազդային հոլովակ, որ պատրաստվում եք հանդիսատեսին ներկայացնել «թատրոն մեկ անձի համար» նոր ներկայացումը, որում մասնակից է լինելու միայն մեկ հանդիսատես՝ կրկին համավարակի պայմաններից դրդրված։ Նախաձեռնությունն այդպես էլ չիրականացավ․ ի՞նչն էր պատճառը․


- Իրականում գաղափարը շատ հաջող զարգացումներ էր ստանում, մինչև այն պահը, երբ համավարակը հասավ իր գագաթնակետին, և թատրոնների գործունեությունը կրկին արգելվեց։ Օրենքը բոլոր թատրոնների համար էր, ուստի արդարացմամբ, թե մեր ամեն ներկայացում արվելու է միայն մեկ հանդիսատեսի համար, այնքան էլ քաղաքակիրթ և արդար չէր լինի։


- Ելնելով պատերազմական դեպքերից,արդյո՞ք տիկնիկային թատրոնն այս տարի կունենա ամանորյա ներկայացում․


- Մոտ մեկ ամիս էր այս հարցի շուրջ խիստ բանակցություններ էին ընթանում, բայց, այնուամենայնիվ, թատրոնը որոշում կայացրեց ներկայացնել ամանորյա մանկական ներկայացում։ Չեմ կարծում, թե որևէ մեկս կարող է ժխտել, որ երեխաներին պետք է հնարավորինս մոտեցնենք դրականին, գեղեցիկին։ Ըստ իս, սա լավագույն որոշումն էր։


Անի Բեյբության

31 views0 comments

Comments


bottom of page