top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Հայաստանում՝ հոբբի, արտերկրում՝ սպորտաձև

Մարդիկ հիմնականում, երբ տեսնում են վարժ սահող և տարբեր հնարքներ կիրառող չմշկորդի, մտածում են, թե դա հոբբի է, ժամանցիձև: Քչերը գիտեն, որ դա սպորտաձև է, որ 2017թ-ին Հայաստանում բացվել է անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա:Սպորտաձևի դժվարությունների և հեռանկարի մասին՝  անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիայի անդամ Արթուր Ամիրաղյանիհետ հարցազրույցում։

-Որքանո՞վ է անվաչմուշկի սպորտաձևը զարգացած Հայաստանում։

Հաշվի առնելով այս  տարվա ցուցանիշները՝ կասեմ, որ փոքր-փոքր քայլերով առաջ ենք գնում։ Դեռևս շատ զարգացած չէ, քանի որ բազմաթիվ մարդիկ կարծում են, որ սա պարզապես երեխայություն է։ Չմշկորդների քանակը քիչ է, հատկապես՝ պրոֆեսիոնալներինը։ Իհարկե, մենք փորձում ենք սահել սովորեցնել, օգնել այն մարդկանց, որոնք առաջին անգամ են փորձում կամ ում մոտ դեռ վատ է ստացվում։ Բայց հաճախ որոշակի մակարդակի հասնելուց հետո այլևս չեն շարունակում զբաղվել այս սպորտաձևով, հին անվաչմուշկները չեն փոխում նորերով, որոնք ավելի որակյալ են և նախատեսված պրոֆեսիոնալ սահքի համար։

-Ինչու՞ զբաղվել հենց այս սպորտաձևով։

Այս սպորտաձևի ընտրությունը սուբյեկտիվ է։ Եթե մարդը էքստրեմալ սպորտաձևի սիրահար է, ուզում է լրացնել ադրենալինի պակասը, եթե նա սիրում է արագություն և ուզում է անընդհատ նոր հնարքներ փորձել՝ չվախենալով ընկնելուց և վնասվածքներ ստանալուց, ապա այս սպորտաձևը իդեալական տարբերակ է։ Կան տարբեր ոճեր՝ քաղաքային, ազատ, ագրեսիվ։ Յուրաքանչյուր ոճ ունի իր հետաքրքրությունը և հնարավորություն է  տալիս ինքնակրթվելու, զարգանալու, ավելի հնարամիտ դառնալու։ Քանի որ շարժումների հստակ սահմանված ցանկ չկա, յուրաքանչյուր չմշկորդ փորձում է մյուսից ավելի հետաքրքիր, գեղեցիկ և դժվար հնարք հորինել։  Չորս տարեկանից կարելի է զբաղվել այս սպորտաձևով, իսկ Երևանի հայտնի չմշկորդ Լևոնը, որը վաթսունն անց է, ապացուցում է, որ որևէ տարիքային սահմանափակում չկա։

 -Այս սպորտաձևի հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան Հայաստանում։

Ի տարբերություն արտասահմանյան երկրների՝ մենք չունենք սքեյթպարկեր և ավելի շատ զարգացած ենք street արվեստում։ Մենք street չմշկորդներ ենք։ Միակ վայրը, որտեղ կարելի է սահել, Ազատության հրապարակն է, Հանրապետության հրապարակը կամ էլ Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակայքը։ Ազատության հրապարակը հիմնականում մարդաշատ է, հեծանվորդները և վազվզող երեխաները, իհարկե, խանգարում են։ Սքեյթպարկերի բացակայությունը մեծ խոչընդոտ է մարզվելու և այս սպորտաձևով լրջորեն զբաղվելու համար։ Սեփական փորձից գիտեմ, որ միանգամայն տարբեր է փողոցում մարզվելը սքեյթպարկում մարզվելուց։ Բացի դա չունենք անվաչմուշկի մասնագիտացված խանութներ, միայն Fila, SportMaster և «Փեթակ» J, որոնց անվաչմուշկները պրոֆեսիոնալ տեսանկյունից չեն բավարարում։ Այդ պատճառով՝ մենք պատվիրում ենք  հանրահայտ ընկերությունների խանութներից, ինչպիսիք են Rollerblade-ը, Powerslide-ը և այլն։

-Ամռանը չմշկորդները տարբեր ելույթներով հանդես եկան թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը։  

Մարզի հանդիսատեսը լիովին տարբերվում էր երևանյան հանդիսատեսից։ Երևանցիների համար սա պարզապես նորույթ էր, շոու։ Բոլորը հեռախոսներով նկարում էին՝ առանց որևէ արձագանքի, իսկ երբ մենք մարզերում էինք ելույթ ունենում, ժողովուրդը կարծես մեզ հետ մասնակցեր, վերապրեր բոլոր զգացմունքները, ադրենալինը,  ուժ տար մեզ։  Նրանց հետաքրքրվածությունը և ոգևորվածությունը սպորտաձևի հանդեպ շատ մեծ էր։ Մարզերում նույնպես բավարար պայմաններ չկան երեխաների համար։ Եթե մեզ մոտ ճանապարհները ժամանակ առ ժամանակ ասֆալտապատվում են, ապա նրանց մոտ ճանապարհները շատ վատ վիճակում են, և որևէ վայր չկա մարզվելու համար։

-Ի՞նչ հետաքրքիր կամ զավեշտալի սովորույթներ ունեն չմշկորդները։

Մենք զավեշտալի ավանդույթ ունենք, երբ որևէ մեկը ընկնում է, մենք ամբողջ խմբով հավաքվում ենք նրա շուրջը և ասում. « Հըըը, հո չընկա՞ր»։ Նաև սահմանում ենք ռեկորդներ, թե ով է ամենաշատը վնասվածքներ ստացել։ Դրանք երբեմն լինում են չմշկորդների մեղքով, քանի որ հիմնականում ականջակալներով են սահում, երբեմն էլ՝ չզիջող վարորդների։ Այդ պատճառով մշակել ենք նշանային համակարգ (կանգ առնելու, աջ կամ ձախ թեքվելու դեպքում) և այդպես ենք հաղորդակցվում իրար հետ։

– Անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիայի ստեղծումը ինչպե՞ս նպաստեց սպորտաձևի զարգացմանն ու տարածմանը։

Ֆեդերացիա ստեղծելու գաղափարը վաղուց կար։ Գրեթե մեկ տարի է, ինչ այն գործում է։ Ուզում ենք հասնել մեծ բարձրունքների, բայց դեռ փոքր քայլերով ենք առաջ գնում՝ հաշվի առնելով ժողովրդի անտարբերությունն ու, երբեմն էլ, ծաղրական վերաբերմունքը, ինչպես նաև այն փաստը, որ քաղաքապետարանը հրաժարվում է տարածքներ տրամադրել սքեյթպարկեր կառուցելու համար, իսկ իրենց առաջարկած տարածքները անմխիթար վիճակում են, փոքր են և գտնվում են շատ հեռու։

-Մտադրություններ կա՞ն մասնակցելու 2020թ. Տոկիոյի առաջնությանը։

Մտադրություններ կան։ Մեր պրոֆեսիոնալ թիմը կարող է արդեն որոշակի մակարդակի ելույթ ցուցադրել այնտեղ։ Այստեղ ուղղակի խնդիր է առաջանում, թե ով է ուզում մասնակցել, և ով է ուզում որպես ուսուցիչ աշխատել։ Օրինակ՝ Urban թիմի ավագ Ռուբեն Օտյանը ուզում է մասնակցել, ես ուզում եմ որպես ուսուցիչ աշխատել։ Մեկ այլ խնդիր է այն, որ մրցաշարը տեղի է ունենալու սքեյթպարկում, իսկ մենք սքեյթփարկում սահելու փորձ չունենք։ Այն հնարքները, որոնք անում ես ասֆալտապատ փողոցի վրա, կարող են այլ ձևով դիտվել սքեյթփարկում, քանի որ այն ուրիշ մոտեցում է պահանջում։

-Ինչպիսի՞ն եք տեսնում այս սպորտաձևի հեռանկարը։

Եթե ռեալիստական տեսանկյունից նայենք, ապա ես չեմ հավատում, որ այս սպորտաձևը կզարգանա Հայաստանում։ Դրա զարգացման համար պետք է առնվազն  Redbull-ի նման մի ընկերություն, որը ամենահայտնի և զարգացած ընկերություններից է այդ սպորտաձևում։ Կար ժամանակ, երբ Հայաստանում գործում էր այս ընկերությունը, սակայն հետագայում ընկերության մուտքը Հայաստան արգելվեց, և այն մնաց միայն որպես ըմպելիքի ընկերություն։ Պետք են նաև անվաչմուշկի մասնագիտացված խանութներ և սքեյթպարկեր։ Զարգացման համար նաև շատ կարևոր է, որ սահել սովորել ցանկացողները չվախենան և մոտենան մեզ. մենք պատրաստ ենք նրանց օգնել, սովորեցնել սահել։

Արևիկ Հովհաննիսյան, 3-րդ կուրս

40 views0 comments

Comments


bottom of page