Ծխելու դեմ պայքարը խիստ արդիական է, գրեթե, բոլոր հասարակություններում, և Հայաստանում էլ բավականաչափ քննարկելի են այդ պայքարի մեխանիզմները:
Ծխելը վնասակար է առողջությանը.
Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է պատրաստել «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին», որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի Նոյեմբերի 1-ից: Օրենքը նախատեսում է մեծ տուգանքներ հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման համար: Տուգանքի նվազագույն արժեքը կլինի հիսուն հազար ՀՀ դրամ, որը մեքենայում ծխելու համար է նախատեսված, իսկ առավելագույնը ` ութ հարյուր հազար ՀՀ դրամ ծխախոտ ներկրելու համար այն դեպքում, երբ գերազանցված է նիկոտինի պարունակության թույլատրելի սահմանը:
The tobacco atlas-ի տվյալներով Հայաստանում ամեն տարի ավելի քան 5100 մարդ է մահանում ծխախոտային հիվանդություններից: Ամեն օր ավելի քան 2000 երեխա (10-14 տարեկան) եւ 571.000 չափահաս (15+ տարեկան) օգտագործում են ծխախոտ:
Համեմատելով Հայաստանն ու հարևան երկրները, Վրաստանում ամեն տարի ավելի քան 7100 մարդ է մահանում ծխախոտային հիվանդություններից: Այնուամենայնիվ, ամեն օր ծխախոտ օգտագործում է ավելի քան 2000 երեխա (10-14 տարեկան) եւ 743000 մեծահասակ (15+ տարեկան): Ադրբեջանում տարեկան մահացողների թիվը հասնում է 12000 –ի: Օրական ծխողների քանակը ` 8000 երեխա (10-14 տարեկան) եւ 1793000 մեծահասակ (15+ տարեկան): Իրանում մահացողների թիվը ` 39300, ծխողների քանակը ավելի քան 24000 երեխա (10-14 տարեկան) եւ 6996000 մեծահասակ (15+ տարեկան), իսկ Թուրքիայում ` ավելի քան 65300 մահացություն, ծխողներ` 186000 երեխա (10-14 տարեկան) եւ 14786000 մեծահասակ (15+ տարեկան): (https://tobaccoatlas.org/)
ՀՀ-ում տարիքային և սեռական պատկանելության %-ային հարաբերություն
Հասարակական կարծիք
Հասարակության մի մասը կարծում է, թե սա զուտ առևտրի մի նոր ձև է, սրանով ուզում են լցնել պետբյուջջեն։
Բլից հարցում
«Ես ծխել եմ ու շարունակելու եմ ծխել, ո՞վ կարող է գալ իմ տան մեջ ինձ տուգանել։ Ես իմ առողջության մասին եթե չեմ մտածում, էլ պետությունն ինչի՞ է խառնվել իրար, բան ու գործ չունի՞». բարձր մտորում էր հիսունն անց մի տղամարդ երթուղային տաքսիում ռադիոյով ՝ ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագծի մասին լսելուց հետո։ Որոշեցի փոքրիկ հետաքննություն անել՝ պարզելու, թե Երևանում ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները նախագծի վերաբերյալ։ Բլից հարցման արդյունքում պարզվեց, որ մեծ է ծխողների թիվը, որից տոկոսային հարաբերությամբ 14%-ը 15-20 տարեկաններ ծխողներն են, 43%-ը ՝ 20-40տարեկան, 33%-ը՝ 40-ից բարձր և միայն 10% -ը չեն ծխում։
Երևանում ծխողների և չծխողների %-ային հարաբերություն
Մասնագիտական տեսակետ
Տարբեր ոլորտի մասնագետները տալիս են տարբեր բնորոշումներ ու գնահատական ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությանը։
Իրավաբան Ա. Հայրապետյանը կարծում է , որ դեռ վաղուց պետք է նման ծրագիր մշակվեր. « հասարակության համար , միգուցե, մեծ խնդիր է, և մի մասի արձագանքը բացասական է, սակայն, մասնագիտական տեսակետից կասեմ, որ նույնիսկ ուշացել ենք մենք։
Բնականաբար, օրենքի տարողունակ լինելը դեռ չի նշանակում, որ որևէ բացթողում չկա, սակայն բոլոր հարցերն էլ դեռ քննարկելի և լուծելի են։ Իմ խորին համոզումն է, որ տարբեր պետություններում բազմիցս ընդունվել և ուժի մեջ են մտել ծխելու հետ կապված օրենքներ, որոնք ունեցել են իրենց բացթողումները, թերությունները և միևնույն ժամանակ օգուտները։
Եվ ծխելու դեմ պայքարը պետք է դառնա առողջապահության գերակա խնդիրներից մեկը։ Ծխելու արգելքներն ավելի շատ դրական շարժ կգրանցեն, քան բացասական։ Սա պարզունակ օրենք չի լինելու, կարծում եմ , որ թերագնահատելու համար դեռ շատ շուտ է։ Ի վերջո, ծխելու սահմանափակում են մտցնում, ոչ թե ընդհանրապես արգելք»։
Թերապևտ-թոքաբան Իրինա Խաչատրյանը ծխելը համարում է չարիք համայն բնակչության համար, որը ոչ միայն առողջական, այլև սոցիալական վնաս է հասցնում։ «Մենք առաջարկում ենք զերծ պահել օրգանիզմը խրոնիկական հիվանդություններից, այդ թվում սուր, խրոնիկական բրոնխիտ, թոքի քաղցկեղ։ Գոյություն ունեն նիկոտինային բլիստերներ, էլեկտրոնային ծխախոտներ, ենթամաշկային բլիստերներ, ինչպես նաև ենթալեզվային հաբեր, որոնք օր օրի նվազեցնում են նիկոտինի քանակությունը, և, ի վերջո, հանում են օրգանիզմից այդ կախվածությունը»։ Բժիշկ Խաչատրյանն ասում է, որ իր հիվանդները բողոքում են դեղորայքի թանկ լինելուց և ուզում են , որ ավելի մատչելի դեղեր նշանակի, սակայն ամեն օր առնվազն 1000 դրամ ծախսում են ծխախոտ գնելու համար։
մանրամասն ՝ տեսանյութում
Ծխախոտի լայն տեսականի. ընտրությունը քոնն է.
« Հասարակական վայրերում Չծխե՛լ »
Հասարակական վայրերում չծխելու մասին լուրը խուճապի է մատնել նաև շատ սրճարանների, բարերի, փաբերի և նմանատիպ վայրերի սեփականատերերին։ Հաջողվեց զրուցել որոշ բարերի մենեջերների հետ. նրանք մտավախություն ունեն, որ իրենց բիզնեսները կտուժեն, քանզի նման վայրեր հաճախող հասարակության , գրեթե, 70%-ը ծխում է։ «Ես կարծում եմ, որ օրենքի նախագծում առկա են բացթողումներ այն տեսակետից, որ հաշվի չեն առնվում մեր ՝ հասարակական, ժամանցի վայրերի սեփականատերերիս եկամուտները, քանզի սրճարան այցելողների մեծամասնությունը ծխում է։ Հարկ է առաջանում ձեռնարկել նոր քայլեր , այսպես ասած, հաճախորդներ չկորցնելու համար։ Սակայն նախագիծն ինքնին կարևոր է, և արդյունավետ կլինի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխողների համար»։
մանրամասն ՝ տեսանյութում
« Ես ապրում եմ իմ թոշակի հույսին, հիմա, որ կանգառում մի սիգարետ ծխեմ , ինձնից էլ են փող վերցնելու՞։ Էդքան փող ենք տալիս իրենց, հերիք չի՞ ». զայրացած ասում է մեր բակի Արշակ պապին։ «Ցանկացած մարդ ինքն իր համար պետք է սահմանաչափ դնի, որոշի ծխե՞լ, թե ՝ոչ։ Իսկ այսպիսի ահռելի գումարների մասին խոսելուց առաջ,թող պետությունը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դարձնեն, հետո նոր տուգանքներ դնեն…»
Աղտոտվածության պատճառներից մեկը…
Ռիմա Գագիկի Սարգսյան
ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն
Comments