top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

«Էլոիզ»՝ կերտվածքի և իրականության խաչմերուկում

Երևակայության և իրականության սինթեզի շնորհիվ աշխարհում ծնվում են միլիոնավոր անչունչ, շնչավոր կերտվածքներ՝ տիկնիկներ: Այդպիսի  կերտվածք է նաև «Էլոիզ»-ը: Ժամանակակից տիկնիկագործության պահանջարկի և առաջարկի մասին՝ մոդելավորող,տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյանի հետ հարցազրույցում:

-Ինչպե՞ս ծագեց տիկնիկներ ստեղծելու գաղափարը, ի՞նչը ոգեշնչեց:

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող լինելը օգնեց ինձ հետագայում գտնելու իմ սրտին, հոգուն  ավելի հարազատ աշխատանք: Կար  ուկրաինացի տիկնիկագործ, որի գործերը ես պարբերաբար ուսումնասիրում էի, զմայլվում, թե նա տիկնիկների միջոցով ինչպես է կարողանում  կոնկրետ բնավորություն արտահայտել, չնայած, երբեք չէի մտածում, որ մի օր ես էլ կսկսեմ լրջորեն զբաղվել տիկնիկագործությամբ: Մեկ օրում որոշեցի և սկսեցի: Առաջնեկս տարազով տիկնիկ էր: Էլոիզ ինձ անվանում են տանը, այդպես էլ ծնվեց տիկնիկի անվանումը:

-Տիկնիկ  պատրաստելը բոլորին հասանելի՞ է, թե՞ սա աստվածատուր շնորհք է:

Երկու տարբերակն էլ կարող ենք ասել: Եթե քո մեջ սեր չլինի, միևնույն է, դու որքան էլ սովորես՝ մի օր կիսատ ես թողնելու: Պետք է ունենալ ճաշակ, իմանալ ոճաբանություն… Կա տեխնիկական մասը, որին դու տիրապետում ես երկարատև աշխատանքից հետո միայն, օրինակ, թրծման ջերմաստիճանը: Բայց ամենակարևորը սերն է, եթե չլինի կրակը, պարզապես ցանկություն չի լինի շարունակելու աշխատանքը: Կամ, եթե անգամ որոշես շարունակել, այն մարդը, որը ձեռք կբերի քո աշխատանքը, չի զգա այդ սերը, և,չգիտեմ, որքանով այն կընդունվի: Պետք է ունենալ ուրույն մտածելակերպ, որ հետաքրքիր լինես, տիկնիկները չկրկնվեն:

Հայկական շուկայում կա՞ տիկնիկը որպես հուշանվեր գնելու պահանջարկ:

Ավելի պահանջարկը մեծ է կերպարային տիկնիկների: Հուշանվերների տեսքով տիկնիկները նոր են սկսում զարգանալ, պահանջարկ կա հիմնականում ռեստորաններից, հյուրանոցներից՝ իրենց լոգոտիպերով տիկնիկների: Կոմերցիոն տիկնիկները, երեխաների խաղալու համար նախատեսված, բավական պահանջարկ ունեն: Ես ստեղծագործում եմ սյուրռեալիստական ոճով, պատրաստում հիմնականում կավից և ճենապակուց տիկնիկներ, որոնք նախատեսված չեն երեխաների խաղալու համար: Անհատներ, որոնք կգնեն ճենապակուց կամ կավից  տիկնիկներ տան ձևավորման համար, շատ քիչ են, մինչդեռ արտերկրում դրանք որպես հավաքածու էլ, կարծում եմ, պահանջարկ կունենան:

Կա՞ն ուսումնական հաստատություններ, որտեղ դասավանդում են տիկնիկագործություն:

«Սոնա» կրթարանում կա «Տիկնիկագործություն և ոճաբանություն» առարկան, դասընթացները անցկացնում ենք ես և ոճաբան Արսինե Շահվերդյանը: Դասընթացը ներառում է նկարչություն, նախագծում, ոճաբանություն, տիկնիկագործություն: Հիմնականում ամեն ինչ թողնում ենք, որ երեխաները անեն, նույնիսկ դեմքը թողնում ենք իրենց, որ իրենք տան կոնկրետ բնավորություն: Շատ անգամ ես եմ երեխաներից գաղափար վերցնում: Կոնկրետ չեմ կարող նշել անուններ, բայց գիտեմ, որ կան այլ ուսումնական հաստատություններևս:

–Ո՞ր տարիքային խմբերն են ավելի հետաքրքրված տիկնիկագործությամբ:

Քիչ-քիչ զարգանում է, ունենք նոր անուններ, հմուտ տիկնիկագործներ: Յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի, ունեն իրենցուրույն ոճը: Հետաքրքրություն թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում նկատվում է: Այսօր 60-ն անց կին էր զանգահարել, ուզում էր գալ մեզ մոտ դասընթացի:

Երբևիցե ունեցե՞լ եք տիկնիկներով խաղալու ցանկություն:

Հիմա ինձ մոտ այդ ցանկությունը ավելի շատ կա, քան երբ ես փոքր էի: Մի տիկնիկ ունեի, որը երկար ժամանակ կրթարանում էր, վերջերս բերեցի տուն, զգում էի, որ իսկապես կարոտել եմ այդ տիկնիկին: Անընդհատ ինձ մոտ էր սուրճ խմելիս, նույնիսկ բերել էի գրասենյակս. ցանկություն ունեի իր հետ խոսելու, խաղալու: Փորձել էի ինչ-որ չափով իմ կերպարին նման պատրաստել, կարծում եմ՝բնավորությունը նման է: Վերջին շրջանում ցանկություն չունեի կարելու, բայց երբ տարա տուն, կրկին կարելու ցանկություն առաջացավ:

Ի՞նչ նախագծեր ունեք ապագայի համար:

Հագուստի և տիկնիկի համադրություն, օրինակ՝ մանկական հագուստ և նմանատիպ տիկնիկի հագուստ: Ունենալ կրթարանի երեխաների աշխատանքների ցուցադրություն: Անհատական ցուցադրություն արվեստագետների շրջանում՝ իրենց կերպարներով տիկնիկների: Դեռ ինչ-որ բան ասել չեմ կարող, քանի որ դա միայն ցանկություն է, սակայն կարող եմ ասել, որ շարունակելու եմ զբաղվել տիկնիկագործությամբ, քանի որ այն դարձել է իմ աշխարհի անբաժան մասնիկը, արարման ու ստեղծագործելու անվերջանալի ընթացքը:

                                                                                                                          Էլիզա Բալայան

5 views0 comments

Comentários


bottom of page