top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Գրպանահատությունը հասարակական տրանսպորտում

«Գրպանահատությունը գումար «վաստակելու» ամենահեշտ ձևերից մեկն է: Դրա քանակը անընդհատ ավելանում է, որովհետև գրպանահատին գտնելը շատ դժվար է, իսկ պատիժը՝ մեղմ»,- ասաց Երևանի Արաբկիր համայնքի քննիչներից մեկը, որը ցանկացավ մնալ անհայտ:

Վերջերս գրպանահատության համար բերման ենթարկված 28-ամյա Ասատուր Հ.-ն մեկ ամսում 7 անգամ գողություն է արել, ամեն անգամ բերման է ենթարկվել ու ազատ արձակվել:

Նկար 1

Գրպանահատ Ասատուր Հ. (Նկարը՝ news.am-ից)


Գրպանահատությունը ամենահին և տարածված հանցագործություններից է աշխարհում: Հմուտ գրպանահատը կարող է գողանալ այնքան գումար, որքան զինված ավազակը, բայց ավելի անվտանգ և բացահայտվելու փոքր ռիսկով: Գրպանահատության աճին նպաստում են գործազրկությունը, աղքատության մակարդակի, որոշ դեպքերում նաև փախստականների և ապօրինի բնակություն հաստատած անձանց թվի աճը:

Գրպանահատությունը, ըստ քրեական օրենսգրքի, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, հանցագործն էլ՝ բացահայտման դեպքում, առավելագույնը երկու տարի ժամկետով է դատապարտվում ազատազրկման:  Գրպանահատության պատժի խստացման մասին օրինագիծը փետրվարի 28-ին քննարկվել է Ազգային ժողովում: Փոփոխությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Գրպանահատներն այսուհետև պատժվելու են կա՛մ 200-600 հազար դրամ տուգանքով, կա՛մ 2,5-6 տարի ազատազրկմամբ ու 50 հազար դրամ տուգանքով։

Նկար 3

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում 2015-2017 թվականների ընթացքում քննություն է իրականացվել 5160 ենթադրյալ գրպանահատի նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։ Պատճառները տարբեր են եղել. կա՛մ դատարանում զղջացել են, կա՛մ հաշտվել են տուժողի հետ, կա՛մ էլ հանցագործության վերաբերյալ բողոք չի ներկայացվել։ Փաստացի՝ գրպանահատների մոտ 95%-ը ազատվել է պատժից։


Պատմում է գրպանահատության զոհ, Երևանի բնակիչ Ալբինա Մալիշենկոն:

Ինչպես պատմում են ականատեսները, գրպանահատները հիմնականում երկու կամ երեք հոգով են գողություն անում՝ գողոնը միմյանց փոխանցելով: Դա է պատճառը, որ գողացված ապրանքը չեն գտնում, տուժողներն էլ գողերի դեմքերը չեն կարողանում հիշել: Հիմնականում գրպանահատները ձեռքին ունենում են որևէ թուղթ, դատարկ տոպրակ կամ վերարկու, որով շեղում են հավանական զոհի ուշադրությունը, բայց դա ամենը չէ. գրպանահատության ականատես դարձած Սվետա Խաչատրյանը պատմում է.

«Երկու տղա նստեցին ավտոբուս: Մեկը կանգնեց իմ կողքին, նրա մի ձեռքում կար տոպրակ: Հետո նկատեցի, որ նրա գոտուն դանակ էր ամրացված: Նրանք իրենց անծանոթների նման էին պահում, բայց միմիկաներով շփվում էին: Անընդհատ հպվում էին մյուս ուղևորներին»:

Տուժողների մի մասը կասկածում է, որ երթուղայինների վարորդները համագործակցում են գողերի հետ և ոմանք նաև ճանաչում են նրանց:

Նկար 4

Գրպանահատության զոհերից մեկի հաղորդագրությունը


Այս առիթով «Ավան- Երևանի քաղաքապետարան» 20 երթուղու վարորդներից մեկն ասաց.

«Գլուխը կջարդեմ, եթե տեսնեմ, որ ինչ-որ մեկն իմ ուղևորի պայուսակն է մտնում: Ինչքան անամոթ պետք է լինեն վարորդները, որ այդպիսի համաձայնության գան գողերի հետ: Ես այդպիսի մարդու չեմ ճանաչում ու չեմ հավատում, որ որևէ վարորդ այդպիսի բան կանի: Բացի դրանից՝ գողերն այնքան ճարպիկ են, որ վարորդները չեն էլ հասկանում, թե ով ումից ինչ գողացավ»:


Պատմում է գրպանահատության զոհ Զարինե Գրիգորյանը:

«Եթե հեռախոսները նոր մոդելի են լինում, գողերը վաճառում են դրանք, եթե ոչ՝ բաժանում են մասերի և այդպես են վաճառում, քանի որ դրանից ավելի շատ գումար կարող են ստանալ», բացատրեց քննիչը:


Գրպանահատությունը ամբողջ աշխարհում տարածված հացագործության ձևերից մեկն  է: Safes International News կայքում գրված է, որ ամեն տարի Բարսելոնա այցելած չորս զբոսաշրջիկներից առնվազն մեկը դառնում է գրպանահատության զոհ:

Նկար 2

Ըստ Safes International կայքի տվյալների


ՀՀ Ոստիկանության Youtube-յան էջում կան իրազեկող տեսագրություններ: Տեսագրություններում ասվում է, որ գրպանահատությունից խուսափելու համար մարդիկ պետք է պայուսակները պահեն փակ ու իրենց տեսադաշտում, ինչպես նաև պետք չէ երթուղային տրանսպորտում պայուսակը վստահել ուրիշին, բանկային քարտերի հետ պետք չէ պահել դրանց ծածկագրերը և այլն: Տեսագրությունները և արդեն բացահայտված գողերի նկարները կարող եք գտնել այստեղ:

Շուշաննա Խաչատուրի Խաչատրյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

4 views0 comments

Comments


bottom of page