Գյումրին վերածնվում է. սահադաշտի կառուցում, հեծանվային վազքուղի և անեկդոտների պատ, խցաններից պատրաստված խճանկարներ և տարբեր երիտասարդական փառատոներ, «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խումբ ու թերթ, և վերջապես «Իմ Ֆռռիկը»։ Գաղափարից մինչև իրագործում՝ «Իմ Ֆռռիկը» նախաձեռնության համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ հարցազրույցում։
– Ինչպե՞ս ծնվեց «Իմ Ֆռռիկը», ովքե՞ր են հեղինակները։
Պատահական ոչինչ չկար: Հիմքերն ու նախադրյալները ձևավորվել էին դեռևս 2016 թվականին։ Մի օր ընկերներիցս մեկը՝ Գագիկ Մխիթարյանը, առաջարկեց հոլ ձեռք բերել ու վերհիշել մանկության խաղերը: Պարզվեց՝ բարդ է, գրեթե՝ անհնար: Մոտ մեկ շաբաթ տևած փնտրտուքից հետո վերջապես գտանք, խաղացինք, անցավ գնաց: Սովորաբար ֆռռիկ Գյումրիում խաղում ենք ձյան հալվելուն զուգահեռ, երբ գետնի վրա մի փոքր տեղ է ազատվում ձյան շերտից: 2017-ի գարնանը նկատեցինք, որ ֆռռիկ խաղալու մշակույթը կորում է, որոշեցինք արհեստավորներին և արվեստագետներին միավորել, ֆռռիկին տալ արտադրական գեղեցիկ տեսք ու մատուցել շուկայում: Ես և Գագիկ Մխիթարյանն սկսեցինք զարգացնել գաղափարն ու առաջ տանել: Նպատակային էր միավորել տաղանդավոր երիտասարդներին և նրանց համար միջավայր ստեղծել ինքնարտահայտվելու, ստեղծագործելու և գումար աշխատելու համար: Կարևոր է նաև ներդրում բերել Գյումրի:
– Ովքե՞ր են պատրաստում հոլերը, արդյո՞ք հեշտ էր գտնել արհեստավորների:
Բարդ ստացվեց համոզելու գործընթացը: Երկար տարիներ մեր մշակութային կյանքից դուրս էր մղվել ֆռռիկի օտագործումը, ու մենք ստիպված արհեստավորների հետ երկար բանակցեցինք, որպեսզի նորից սկսեն արտադրել ֆռռիկներ: Նախկինում պահանջարկ չէր եղել, ֆինանսապես ձեռնտու չէր արտադրել դրանք, քանի որ վաճառք չկար: Դրությունը փոխվեց, այժմ մոտ 10 արհեստավոր և արվեստագետ ներգրավված են այս ծրագրի իրականացման աշխատանքներում: Բոլորը գոհ են:
– Ի՞նչ տարրեր են օգտագործվում հոլերը նախշազարդելիս։
Սկզբում որոշել էինք միայն հայկական զարդանախշերով հոլեր թողարկել, բայց հետագայում մարդիկ սկսեցին իրենց պատվերներով ստիպել, որ մի փոքր շեղվենք նախապես որոշված քայլերից: Այժմ և՛հայկական զարդանախշերի տեսքով ենք արտադրում, և՛ այլ պատկերներով: Ավելի շատ մարդիկ դեկորատիվ ու հուշանվերային տարբերակով են գնում, նախըտրում են անուններ գրել, լոգո պատվիրել, սիրելի ֆուտբոլային թիմի տարբերանշաններով հանդես գալ:
– Արդյո՞ք ռիսկային չէր սկսել հոլերի վաճառք քսանմեկերորդ դարում, երբ երեխաների համար շատ ավելի հետաքրքիր և բազմազան խաղալիքներ կան։
Մենք ի սկզբանե հասկանում էինք լրջությունն ու պատասխանատվությունը: Եվ ազնիվ պետք է լինենք. այս ծավալներով ընդլայնվելու ու այսպիսի մեծ արձագանքների արժանանալու հույս երբեք էլ չենք ունեցել: Ամեն ինչ սկսվեց շատ գեղեցիկ, պլանավորած և ամենակարևորը՝ հասարակության հետ անմիջական աշխատանքի միջոցով: Շուկայում երեխայի համար բազմաթիվ հետաքրքիր ու գույնզգույն խաղալիքներ կան, բայց եթե ուշադիր նայեք՝ այդ խաղալիքների արտաքին դիզայնը երբեմն ագրեսիվ բնույթ ունի, շատ հաճախ՝ նաև վուլգար, իսկ մանկական խաղալիքների նման տեսքն անթույլատրելի է: Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ երեխան առաջին անգամ տեսել է հոլ պտտեցնելու ձևն ու ավագներին ստիպել է, որ անպայման իր համար գնեն ու սովորեցնեն: Մինչև երեխան չզգա, որ իր ձեռքով կարող է հնարքներ անել նա ոչ էլ ուշադրություն կդարձնի ի՞նչ է դրված, ինչու՞ է դրված, ի՞նչ նշանակություն ունի… Բայց, երբ տեսնում է, ոգևորվում է:
– Ինչպե՞ս ստացվեց, որ ֆռռիկները հայտնվեցին նաև արտասահմանում, ո՞ր երկրներում դրանք արդեն կան։
Մեր հիմնական երկրպագուները, պարզվում է, արտասահմանում են: Շատ ու շատ հայեր և հայերի հետ բարեկամություն անող օտարազգի ընկերներ բավականին մեծ հետաքրքրություն են դրսևորում Գյումրիում արտադրվող այս հուշանվեր-խաղալիքների նկատմամբ: Երբ համացանցում ստեղծեցինք «Իմ Ֆռռիկը» էջն ու սկսեցինք տեղադրել հոլերի նկարներ, պատրաստման մասին պատմող ֆիլմեր և այլ երկրների փորձը, նկատեցինք, որ ամբողջ աշխարհում այս ավանդական խաղը պահելու խնդիր կա: Ավելի շատ տարիքով մարդիկ են արձագանքում, և սա բնական է, որովհետև երեխաների մեծ մասն այս խաղը չի տեսել և հետաքրքրվածություն չունի: Երանությամբ են հիշում և արձագանքում հատկապես Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները: Մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, երբ Սփյուռքի տարբեր հայկական դպրոցներ մեծ քանակությամբ հոլեր են պատվիրել իրենց դպրոցի երեխաների համար: Աշխարհի 20-ից ավելի երկրներում արդեն Գյումրիից ուղարկված «Իմ Ֆռռիկը» ապրանքանիշ ունենք: Գյումրի էկողը ֆռռիկ բդի տանի հեդը (ժպտում է)։
– Ֆռռիկներն ընդդեմ սպիներների՞, ո՞րն են նախընտրում։
«Իմ Ֆռռիկը» նաև տեղականը սպառելու, ավանդականը պահպանելու գեղեցիկ մոտեցում է: Նախաձեռնությունից հետո, իհարկե, իրավիճակը փոխվել է։ Շատ ու շատ ծնողներ, գիտակցելով, որ սպիններ գնելու դեպքում գումարը գնում է այլ պետության տնտեսության զարգացմանը, նախընտրում են երեխայի համար հոլ գնել:
– «Իմ Ֆռռիկի» մասին նաև ֆիլմ նկարվեց, դրանից հետո մեծացա՞վ հետաքրքրությունը նախաձեռնության հանդեպ։
Մեր նպատակը մեզ միացած մարդկանց ու ընկերների կատարած աշխատանքը հանրությանը ներկայացնելն էր: Ավելի կարևոր քայլ է ներկայացնել աշխատանքային պրոցեսը, քան միանգամից բուն աշխատանքը մատուցել հանրությանը: Երբ մարդ տեսնում է՝ ինչպես է գործը գլուխ գալիս, ինչպիսի պրոցես է անցնում ֆռռիկը, ցանկություն է հայտնում անձամբ գալ, տեսնել, սեփական ձեռքերով մի բան փորձել, սեղմել արհեստավորի ու արվեստագետի ձեռքն ու շնորհակալություն հայտնել: Ի վերջո, Գյումրին կա ու կմնա արհեստի ու արվեստի քաղաք: Նախագիծը փոքր-փոքր նպատակներ է իր առջև դնում և արագ-արագ հասնում դրանց: Սա գեղեցիկ ու հաջողված նախագիծ է, որ դեռ շատ երկար ժամանակ պետք է խոսել տա իր մասին: Մենք նաև ձեռնամուխ եղանք հին խաղերի վերականգնմանը: Շատ ու շատ այցելուներ և հաճախորդներ սկսեցին մեզ օգնել այդ հարցում: Օրինակ, երկու ավանդական խաղ կա ֆռռիկով խաղալու համար: Մեկը փոսն է, մյուսը պուտուկը: Պտտող թելը ևս իր նշանակությունն ունի, մենք ասում ենք ղայթան: Որքան լավն է ղայթանն ու հեշտ օգտագործելի՝ այնքան հավանականությունը մեծ է, որ պայքարում հաջողության կհասնես: Սա նաև պտտեցնելու երկար տևողության կարևոր բաղադրիչներից է: Յուրօրինակ միավորող դեր ու ազդեցություն ունի «Իմ Ֆռռիկը»։ Այն յուրաքանչյուրի մոտ արթնացնում է իր մանկության գեղեցիկ հիշողություններ: Շատ կանայք ու աղջիկներ գալիս են ամուսինների կամ եղբայրների հետ ու մեկական օրինակ էլ նրանց համար են վերցնում՝ ծիծաղով հիշելով, որ փոքր տարիքում իրենց չէին թողնում ֆռռիկ պտտեցնել: Իսկ հիմա դա հասանելի, հետաքրքիր ու դրական տրամադրություն փոխանցող խաղալիք է:
Կիմի Գալստյան
Comments