top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Գիտելիքի տեղայնացում. կրթական նոր մոտեցումների ու առկա համակարգի բախումը

Սոս Ավետիսյանի հետ հանդիպեցինք Երևանի սրճարաններից մեկում, իսկ ԱՄՆ-ում գտնվող Արթուր Մակարյանի հետ զրուցեցինք սոցիալական ցանցի միջոցով։

87070_b

Աշխարհի լավագույն համալսարաններում սովորած ու սովորող այս երիտասարդների միջև տարբերությունը կրթության ընթացքում նրանց կուտակած փորձն է։

Սոս Ավետիսյան. Կրթությունը՝ ոչ միայն պետությանը, այլև հանրությանը ծառայելու միջոց

Sos

(Օքսֆորդի համալսարանի ռուսագիտության և արևելաեվրոպագիտության բաժնի շրջանավարտ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու: «Բաց Հասարակության Հիմնադրամների» «Քաղաքացիական հասարակություն»  ծրագրի պատասխանատու: Երևանի Պետական Համալսարանի դասախոս:)

Օքսֆորդի համալսարանում մենք վճարում էինք երկու բանի համար՝ լավ գրադարան ունենալու ու մասնագիտական քննադատություն լսելու։ Քննադատությունը կառուցողական էր, այն չէր փաստարկվում, օրինակ, դասախոսի 20 տարվա աշխատանքային փորձով։

Առհասարակ, ընկալում կա, որ աշխարհի լավագույն համալսարաններից մեկն ավարտելուց հետո, երբ Հայաստան ես վերադառնում, պիտի անպայման դառնաս պետական համակարգի մասնիկը: Պարտադիր չէ։ Պետության զարգացման համար կարևոր է հենց հասարակության ու քաղհասարակական կառույցի զարգացումը: Կրթված քաղաքացին ծառայում է ոչ միայն պետությանը, այլև հանրությանը:

Վերադառնալուց հետո ես մոտ մեկ տարի միայն դասավանդել ու հետազոտություններ եմ արել։ Սակայն Հայաստանի կրթական համակարգում չկա կրթական էթիկա, մասնագիտական քննադատության պահանջ ու ակադեմիական ազատություն: Ավելին, համալսարանները պետական համակարգի մի մասն են միայն, մինչդեռ պիտի ուսանողակենտրոն լինեն: Կան մի քանի «փարոս» դասախոսներ, բայց ընդհանուր համակարգը ճահճացած է ու հնացած։

Եթե ուսանողները դպրոցում, համալսարանի չորս տարիների ընթացքում միևնույն համակարգի կանոններով են սովորում, շատ դժվար է մագիստրատուրայի մեկ կիսամյակի ընթացքում նրանց նոր համակարգին ընտելացնելը։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի արտերկրում սովորած նորարարական մոտեցումները համատեքստից լիովին անջատ ու «լուսավորյալ» չլինեն։ Շատերն ընկնում են ձևի հետևից ու կորցնում են բովանդակությունը։ Համալսարանում դասախոսելիս՝ ես փորձում եմ հենց բովանդակությունը փոխել, քաջալերում եմ ուսանողներին բաց լինել քննադատության առաջ ու քննադատել ինձ։

Ու պարտադիր չէ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում սովորել՝ այս մեթոդները յուրացնելու համար։ Բազմաթիվ ուսանողներ արտերկրում էլ չեն կարողանում հարմարվել այս մոտեցումներին։ Առհասարակ, այլ երկրում սովորելիս ուսանողների ցանկություններն էլ են երկուսը՝ թողնել ամենն ու հետ վերադառնալ, կամ էլ, մոռանալ ամենն ու մնալ։


Sos-Avetisyan

Երբ անհատը փակ է օտար հասարակության նորմերի առաջ, նրա մշակութային պատկերացումները ներփակվում են գետտոյական խմբերում, նա միայն իր հայրենակիցների հետ է շփվում ու հիշում, թե ինչ լավ էր իր հայրենիքում։ Սակայն մնալ, թե վերադառնալու մասին կաղապարված ընկալումներ չեն էլ առաջանա, եթե անհատը վստահ լինի իր կուտակած գիտելիքի ու այդ գիտելիքը գործնականում կիրառելու իր ունակության վրա։

Ու ես Հայաստան չեմ վերադարձել միայն հայրենասիրական մղումով, ես եկել եմ, քանի որ այստեղ ավելի մրցակցային մասնագետ կարող եմ լինել։ Ի վերջո, Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո, դու այնտեղ հերթական շրջանավարտ ես, իսկ Հայաստանի աշխատաշուկայում առաջնահերթություն ես:

Բացի այդ, արտերկրում սովորելով՝ ես ոչ միայն մրցակցային մասնագետ դարձա մեր երկրում, այլև սկսեցի Հայաստանը դիտարկել երկու կողմից՝ որպես հայ ու որպես աշխարհաքաղաքացի։ Միայն այս երկուսի համադրմամբ կարելի է տեսնել ու հասկանալ երկրումդ գոյացած խնդիրներն ու բացթողումները։

Լիա Շահնազարյան, Քնարիկ Մարտիրոսյան, 4-րդ կուրս

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Հետք առցանց թերոթում:

1 view0 comments

コメント


bottom of page