«Կոչ եմ անում երիտասարդ սերնդին խնդիրները չկուտակել ու դրանք լուծել հերթով: Արցախյան շարժման ժամանակ մենք մեր խնդիրները կուտակել էինք առանց լուծելու, իսկ թշնամին օգտվեց այդ փաստից», ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Հակոբ Սանասարյանը:
Փետրվարի 20-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ Արցախյան շարժման անմիջական մասնակից հասարակական- քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Ասուլիսը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին:
Բանախոսներն էին՝ Մարիամ Ավագյանը (Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող), Հակոբ Սանասարյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի կանաչների միության» նախագահ), Ազատ Արշակյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր) և Վարդան Պետրոսյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր):
Հակոբ Սանասարյանը պատմեց, որ Արցախյան շարժումը Հայաստանում սկսվել է որպես բնապահպանական ակցիա՝ Նաիրիտ գործարանից, հետո այն տարածվել է նաև Հայաստանի այլ բնակավայրերում, իսկ Արցախում այն արտահայտվել է որպես պայքար՝ Լոզանի կոնֆերանսի դեմ:
Մարիամ Ավագյանը Արցախյան շարժումը նկարագրեց այսպես. «Արցախյան շարժումը հայոց ցեղասպանության հիշողության կենտրոնացումն է «Ղարաբաղը մերն է» խնդրի շուրջ: Դա դարավոր վիրավորանք էր, որը կուտակվել էր հայության մեջ:
Արցախյան շարժման ժամանակ կոտրվեց այն կարծրատիպը, որ հույսը պետք է դնել այլ, ավելի հզոր պետության վրա»:
Մարիամ Ավագյանը շեշտեց այն երկու հիմնական սկզբունքները, որ կային Արցախյան շարժման ժամանակ: Առաջինը այն էր, որ Ղարաբաղը մերն է, իսկ երկրորդը՝ որ ցեղասպանությունը չի կրկնվելու: Կային նաև այլ խնդիրներ՝ սոցիալական, բնապահպանական, բայց դրանք այնքան էլ էական դեր չունեին:
Հեղինակ՝ Շուշաննա Խաչատրյան, 4-րդ կուրս
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/20/938179/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comments