top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք. նոր խնդիրներ ու նոր հոգսեր

Դեռևս 2018-ի հունվարին կառավարության ընդունած որոշմամբ ապրիլի 1-ից արգելվեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան:

1

ՀՀ Կառավարություն. այստեղ վերջնական որոշում կայացվեց գնալ փոխզիջման:


Ի սկզբանե ներկայացվել էր որոշման մի նախագիծ, որով արգելվում էր ոչ միայն ներմուծումը ՀՀ, այլև արդեն իսկ հանրապետությունում հաշվառված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների հետագա հաշվառումն ու վերահաշվառումը: Սա կնշանակեր, որ ապրիլի 1-ից հետո, եթե ավտոմեքենայի սեփականատերը ցանկություն ունենար իր շարժական գույքը վաճառել, ապա ստիպված պետք է լիներ նախքան գործարքն իրականացնելը փոխել ավտոմեքենայի ղեկային համակարգը` դարձնելով այն ձախակողմյան: Իսկ դա Հայաստանի պայմաններում արժե 500 ԱՄՆ դոլար և ավելին: Եթե նախկինում դա հնարավոր էր կատարել հարևան Վրաստանում, որտեղ անհամեմատ մատչելի է, ապա հունվարի 1-ից Վրաստանում էլ ղեկը փոխելն օրենքով արգելվեց. վարել հնարավոր է, ներմուծել` նույնպես, բայց եթե որոշել ես գնել աջ ղեկով մեքենա, ապա պետք է այն վարես առանց փոխելու:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գործադիրի նիստում ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն: Դրանով պայմանավորված  երթեկության կանոնները հանրապետությունում սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը. «Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար»,- ասել էր նախարարը:

Երևանում մեկնարկեցին ցույցեր և բողոքի ակցիաներ:

2

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում:


3

Մի քանի օր շարունակ վարորդներ, ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց:


4

Ակցիան շարունակվեց այնքան ժամանակ, մինչ կառավարությունը հրաժարվեց նախագծի նախնական տարբերակից:


Գուցե հենց բողոքի ակցիաների ու հանրային ճնշման ներքո, բայց կառավարությունն, ի վերջո, գտավ փոխզիջումային որոշում` արգելեց ներմուծումը, սակայն վերացրեց նախնական նախագծով նախատեսվող արգելքը Հայաստանում արդեն առկա աջ ղեկով մեքենաների հետագա հաշվառման և վերահաշվառման դրույթը: Իսկ վարորդական հանրությունը հենց այս դրույթն էր առաջ քաշել, քանի որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ հաշվառված է ավելի քան 40 հազար աջ ղեկով ավտոմեքենա, իսկ դրանց փոփոխությունը ավտոսեփականատերերին լուրջ խնդրի, ինչպես նաև` ֆինանսական բեռի առաջ էր կանգնացնելու:

Այսօր կառավարության ընդունած որոշմամբ, իհարկե, սեփականատերերը կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց այդ տեսակի ավտոմեքենաները: Բայց մտավախություն ունեն, որ մեկ կամ առավելագույնը երկու տարի անց Հայաստանում առհասարակ կարգելեն աջ ղեկով մեքենաների շահագործումը և ապրիլյան արգելքի մասին որոշումը դրա նախաբանն է:

Ի սկզբանե այս խնդիրը բազմաթիվ հարցականներ առաջ քաշեց. ինչո՞ւ հիմա կամ ինչո՞ւ հենց այս հարցը, միթե հանրապետությունում այլ ավելի կարևոր խնդիրներ չկան: Պաշտոնական բացատրությունն այն է, որ սա Եվրասիական տնտեսական միության պայմանագրի պահանջ է (որին Հայաստանն անդամակցեց 2015 թվականի հունվարին) ու դրա անդամներ Բելառուսն ու Ղազախստանը, ինչպես նաև Ղրղզստանը վաղուց են արգելել աջ ղեկով մեքենաների ոչ միայն ներմուծումը, այլև շահագործումը: ԵԱՏՄ անդամ պետություններից միայն Ռուսաստանն է, որ թույլատրում է իր տարածքում շահագործել աջ ղեկով մեքենաներ, բայց հաշվառումն արգելված է: Իսկ ահա որպես ոչ պաշտոնական վարկած նշվում են անձնական շահերը, որ ունեն որոշ պաշտոնյաներ՝ հանդիսանալով ավտոսրահների սեփականատերեր: Ասել է թե՝ մատչելի մեքենաների ներկրումը հարվածում է նրանց բիզնեսին, քանի որ, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այսօր քչերը կարող են իրենց թույլ տալ գնել նոր մեքենա սրահից, որի արժեքը 4-5 մլն դրամից է սկսվում: Անգամ ապառիկ տարբերակով:

5

Ավտոաճուրդի կայք Ճապոնիայում, որի միջոցով ՀՀ քաղաքացիները ավտոմեքենա են գնում:


«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, աջ ղեկով ավտոմեքենայի վարորդ Աննա Մարտիրոսյանը ասում է, որ ինքը ևս մասնակցել է վարորդների բողոքի ակցիային, քանի որ ի սկզբանե դեմ էր որոշմանը, հատկապես` նախնական տեսքով: Նշում է նաև, որ պատրաստ էր պայքարել և անցնել բոլոր ատյանները, ընդհուպ մինչև ՄԻԵԴ, քանի որ համոզված է, որ այս կերպ իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքները: Աննայի խոսքով.


Թեև որոշումը մեղմվել է, բայց փորձագետները կարծում են, որ աջ ղեկով մեքենա ներմուծելու արգելքը բացասաբար կազդի հասարակության այն շերտի վրա, որն իր եկամուտն ապահովում էին Ճապոնիայից ավտոմեքենա ներկրելու ճանապարհով: Իսկ սա նշանակում է, որ կավելանա արտագաղթը և շատերի համար հայրենիքում ապրելը կդառնա էլ ավելի դժվար:

 Հասմիկ Մուշեղի Հովհաննիսյան

ՍԳՍ, 4-րդ կուրս, անգլերեն և միջազգային լրագրություն

4 views0 comments

Comments


bottom of page