«Այժմ երիտասարդները տեղյակ չեն 2008 թվականի մարտի մեկի դեպքերից, իսկ եթե նույնիսկ տեղյակ են, ապա դա շատ մակերեսային ու աղոտ է»:
Մարտի մեկին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Քաղաքականացված պատմություն» վերնագրով հանրային քննարկման ժամանակ այսպես ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հանրային քննարկումն ուղղված էր՝ պարզելու, թե ինչու են դպրոցական դասագրքերում խեղաթյուրված ներկայացվում մարտի մեկի իրադարձությունները, կա արդյոք այստեղ քաղաքական միտում:
«Պատկերացնենք, թե արտասահմանցի ենք կամ նոր ենք սկսում ուսումնասիրել Հայաստանի պատմությունը: Եթե վերցնենք այս դասագիրքը՝ նախատեսված 12-րդ դասարանի համար, և կարդանք մարտիմեկյան դեպքերի մասին հատվածը, տպավորություն կստեղծվի, թե ինչ-որ ցուցարարներ փորձել են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև:
Մեր երկրի ճակատագրի վրա հսկայական ազդեցություն ունեցած այս իրադարձությունների մասին դասագրքում ընդամենը հինգ տող է գրված: Բայց չի խոսվում նրա մասին, որ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, հալածանքների ենթարկվեցին, որ 10 հոգու քաղաքի կենտրոնում սպանեցին ու մնացին անպատիժ, շատերը դարձան քաղբանտարկյալ: Կրթությունը Հայաստանում խիստ իշխանական է, եթե ոչ քաղաքականացված»:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը դասագրքերի զարգացման երեք փուլ առանձնացրեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Ըստ Վահրամ Թոքմաջյանի, այս բոլոր փուլերը նպատակ ունեն փակել մի ամբողջ սերնդի հիշողություն՝ սկսած 1988-ի դեպքերից, վերջացրած ապրիլյան պատերազմով:
Կրթական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանն ընդգծեց, որ մեր օրերում պատմագրությունը համապատասխանեցվում է պետական շահերին՝ որպես օրինակ բերելով Սամվել Բաբայանի դեպքը: Նրա դեմ գործ հարուցվելուց հետո Շուշիի ազատագրման քարտեզներից պարզապես ջնջվեցին այն ուղղությունները, որոնք ինքն էր ղեկավարել: Դասագրքերից նույնպես այս հատվածները հեռացվեցին:
Զարինե Գրիգորյան, 4-րդ կուրս
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/01/940202/
Kommentare