Ամերիկյան համալսարանը հաղթեց միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթում, ինչը նշանակում է, որ թիմն ապրիլի 1-7 Վաշինգտոնում անցկացվող միջազգային մրցափուլին կներկայացնի Հայաստանը:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի հայաստանյան ազգային մրցափուլն անցկացվեց փետրվարի 17-18-ին Երևանում: Այն կազմակերպվում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից: Իրավաբան ուսանողների համար այս մրցույթը նպաստում է միջազգային իրավունքի ուսումնասիրմանն ու դրա հանդեպ հետաքրքրությանը: «Ուսումնական պրոցեսի մեջ մրցույթը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքին տալ գործնական կիրառում: Այն թույլ է տալիս ուսանողներին փորձի փոխանակում անել արտասահմանի իրենց տարեկիցների հետ, նաև կարևոր քայլ է հետագայում լավ աշխատանք ունենալու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Արամ Օրբելյանը:
Նա պատմեց, որ դեռ 3 տարի առաջ մրցույթն անց էր կացվում հայերենով, բայց հիմա անցել են անգլերենի, քանի որ եզրափակիչ փուլում՝ Վաշինգտոնում, պետք էին մասնակիցներ, ովքեր և′ լավ անգլերեն գիտեն, և′ տիրապետում են միջազգային իրավունքին: Այդ փոփոխությամբ կտրուկ բարձրացել է մրցույթի որակը:
«Դատավարության թեմաները հետաքրքիր են և արդիական: Այս տարի թեման այսպիսին է. մի պետության ստորջրյա տարածքի վրա հարևան պետությունը հեռակառավարվող սարք է տեղադրել: Այդպես նա կարողանում է տեղեկություններ ստանալ մյուս պետության մասին՝ միևնույն ժամանակ խախտելով նրա տարածքը: Առաջացել է կոնֆլիկտային իրավիճակ, որին էլ փորձում են լուծում տալ թիմերը: Իհարկե, հարցը պետք է ուսումնասիրել բոլոր կողմերից՝ հաշվի առնելով և′ մարդասիրական կողմը, և′ զինված ուժերի օգտագործումը, և′ սահմանային իրավիճակը»:
Մրցույթին մասնակցում էին Երեւանի պետական, Հայաստանի ֆրանսիական, ամերիկյան եւ հայ-ռուսական համալսարանների, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները։
Զարինե Գրիգորյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/18/937793/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Hozzászólások