«Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ի պառակտման արդյունքում ստեղծվեց «Focus» արվեստիհասարակական կազմակերպությունը, որը այսօր ունի երեք առաջատար նախագիծ՝ «Մեդիալաբ», «Գրադարան», «ACTV»: Նախագծերի ստեղծման պատմության և դասընթացների մասին զրուցեցինք կինովավերագրող, «Focus»-իհամահիմնադիր, «ACTV» ծրագրի ղեկավար Դավիթ Ստեփանյանի հետ:
-Ի՞նչ ուղղվածություն ունեն նախագծերը: «Մեդիալաբը» կիսամյա կրթական նախագիծ է, որն անվճար արվեստային կրթություն է տրամադրում երիտասարդ արվեստագետներին և արվեստով զբաղվողներին: Նպատակն է արվեստագետների կամ արվեստով հետաքրքրվող մարդկանց մոտ զարգացնել տեխնիկական և տեսական գիտելիքները: «ACTV»-ն ֆոկուսի առցանց վիդեո նախագիծն է, որը ստեղծել ենք 2012 թվականին, երբ հասարակական կյանքում նկատվում էր բավական ակտիվություն, նոր- նոր էր թափ առել Թեղուտի քաղաքացիական նախաձեռնությունը: Քանի որ կային տարակարծրություններ, որոշեցինք այլ կերպ լուսաբանել. զուտ նկարում էինք իրադարձությունը՝ առանց կարևոր դետալներ բաց թողնելու, ֆիքսում եղելությունը՝ առանց մեկնաբանության: Այդ ժամանակ սկսեց նաև Մաշտոցի պուրակի պայքարը, մենք ունեինք բավականաչափ կադրեր՝ կյանքի կոչելու նախագիծը: Մինչ 2016-ի աշուն այն գործում էր «Ուտոպիանա.am»-ի շրջանակում, իսկ այժմ՝ «Focus» արվեստի հասարակական կազմակերպության: «ACTV»-ն ունի չորս հիմանական հարթակ՝ Հետազոտել հանրային տարածքը (Բողոքի ցույցերի փաստագրում), Սոցիալական (սոց.խնդիրներին վերաբերող տեսանյութեր), Դիմանկար (Ի՞նչպիսի մարդիկ են մասնակցում քաղաքացիական նախաձեռնություններին), Խոսք (հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ զրույցների շարք՝ մշակութաբանների, արվեստագետների, սոցիոլոգների հետ): «ACTV» նախագծի շրջանակում իրականացնում ենք նաև կարճ տեսական և պրակտիկ դասընթացներ: Տեսական մասում մասնակիցները ուսումնասիրում են, թե ինչպես է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը, վերլուծում են պատրաստի աշխատանքները: Իսկ այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին ներկայացնում են վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի, լրագրողական ռեպորտաժի կամ լուսաբանման այլ ձևի պատշաճ հայտ, հնարավորություն են ունենում ստացած գիտելիքները կիրառել՝ պատրաստելով սեփական նյութը իրենց հետաքրքրող թեմայի շուրջ: Մենք տրամադրում ենք համապատասխան սարքավորումները, օրինակ, նկարահանման տեխնիկա, մոնտաժի գործիքներ: «Գրադարանը» ստանդարտ գրադարան չէ, նպատակն է երիտասարդների համար ազատ քննարկման հարթակ ստեղծել, կարող են գալ ազատ միջոցառումներ իրականացնել: «Գրադարան»-ում կան արվեստին, փիլիսոփայությանը, ճարտարապետությանը նվիրված, ինչպես նաև գեղարվեստական բազմաթիվ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն գրքեր:
-«ACTV»-ի շրջանակում դասընթացներ կազմակերպելու միտքն ինչպե՞ս հղացավ, ինչո՞ւ է կոչվում այլընտրանքային: Նպատակը նրանում է, որ ո՛չ միայն ինքներս զբաղվենք անսպասելի, չծեծված լուսաբանմամբ, այլև տանք հարթակ ուրիշներին, որոնք ունեն դրանով զբաղվելու ցանկություն: Առաջ կոչվում էր Քաղաքացիական դասընթաց, բայց այն թեմատիկ առումով սահմանափակող էր: Այժմ կոչվում է Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթաց: Դասընթացների ընթացքում մասնակիցները վերլուծում են զանգվածային լրատվական միջոցների արտադրանքները, վավերագրական ֆիլմերը, ծանոթանում այլընտրանքային լուսաբանման ձևերին և գործիքներին: Մեր գործունեությունը ավելի բնորոշող բառը ո՛չ թե այլընտրանքայինն է, այլ քննադատական լուսաբանումն է՝ ընդհանուր հոսանքից տարբերվող: Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի դասախոսական կազմը արտաքին հանգամանքներից կախված փոփոխվում է: Հիմնականում դասավանդում են մշակութաբան Հրաչ Բայադյանը, լուսանկարիչ Կարին Գիրգորյանը, սոցիոլոգ Աննա Ժամկոչյանը և այլք: Եթե մենք և մասնակիցները գոհ ենք լինում, փորձում ենք «ACTV»-ի ուսանողների աշխատանքները ցուցադրել: Օրինակ՝ Աբովյանում և Հրազդանում ունեցել ենք ֆիլմերի ցուցադրություն տեղի թանգարանում: Ֆիլմերի առանցքը հենց տվյալ վայրերի խնդիրներն էր: Փորձում ենք հիմնականում տարածքին վերաբերող տեղում ցույց տալ, հետագայում ցուցադրում ենք նաև մարզերում, Երևանում: Ֆիլմերը տարածում ենք մեր կայքում:
-Ինչո՞վ էր պայմանավորված «Մեդիալաբ»-ին դիմած մասնակիցների թվի աճը: Որքան գիտեմ՝ ստացել եք մասնակցության 114 դիմում-հայտ: Չեմ կարող հստակ ասել պատճառները, գուցե, այն է, որ քիչ թե շատ որակյալ կրթություն ենք տրամադրում, մարդիկ տարածում են: Միմյանց ասում են, դա էլ հանգեցնում է ծավալի որոշակի աճին:
-Աշխատում եք հիմնականում 17-36տ երիտասարդների հետ, նրանք ունեն արդյո՞ք ինքնարտահայտման հարթակներ: Կարծեմ դրանք շատ սակավ են: Պարզապես ինքնարտահայտման հարթակներ տրամադրելով չեն կարող լավ արդյունքի հասնել: Պետք է ընթացքում քննադատական մտածողությունն էլ զարգացնել: Պետական, և ոչ պետական բուհերում չի խրախուսվում քննադատական մտածողությունը, հասարակությունում կա քննադատական մտածողության պակաս: Մարդիկ չեն սիրում հարցեր տալ, ուշադիր լսել, երկար մտածել, նոր պատասխանել: Մարդը արտահայտելու բան պետք է ունենա, որ արտահայտի, հակառակ դեպքում ինչ-որ բան վերցնում է, ու վերարտադրում: Պետք է որոշակի սուբյեկտայնություն ձեռք բերի, որ ասելու ինչ-որ բան ունենա: Իսկ սուբյեկտայնություն մարդ ձեռք է բերում, երբ սկսում է ինքը իրեն զարգացնել, ընդհանուրից տարբեր մտածել, ուրիշ տեսանկյունից նայել: Այդ պատճառով երիտասարդների համար ինքնարտահայտման հարթակներ ստեղծելիս պետք է մտածել, բայց արդյո՞ք նրանք ունեն ասելիք, ի՞նչ կրթություն ենք տրամադրել, որ ինչ-որ բան էլ փորձեն ասել: Ընդհանուր հասարակության զգալի մասը չի կարող պատասխանել, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում է ապրում, ո՞րն է իր դերը:
-Ի՞նչ նախագծեր ունեք ապագայի համար: Նվազեցնել,պակասեցնել, եթե ոչ ամբողջությամբ դադարեցնել հետազոտել հանրային տարածքը, և հակագովազդ շարքերը, քանի որ չկա շարժ հասարակական դաշտում: Ավելացնել Այլընտրանքային լուսաբանման կարճ տասընթացների պարբերականությունը, ինչի շնորհիվ այն ավելի ինտենսիվ բնույթ կկրի:
Էլիզա Բալայան
Comments