top of page
Search
Writer's pictureBrusov Journalism

1:0՝ հօգուտ աղջիկների

Մեր օրերում որոշ տղաներ անգամ ֆուտբոլի երկրպագուհիներին են կասկածանքով նայում, ուր մնաց թե՝ ֆուտբոլ խաղացող աղջիկներին, սակայն GOALS-ի (Girls of Armenia Leadership Soccer) աղջիկները որոշել են ցույց տալ տղաներին ու աշխարհին, որ իրենք ոչ միայն կարող են սպերտաձևի երկրպագու լինել, այլև դառնալ դրա ներկայացուցիչը:  GOALS աղջիկների ֆուտբոլային լիգան հիմնվել է 2015 թ. Գորիսում, նպատակը՝ հորդորել երիտասարդ աղջիկներին զբաղվել սպորտով և կոտրել կարծրատիպերը: Զրուցել ենք համահիմնադիրներ Զաք Թիլերիև Վիկտորյա Դոքենի հետ, որոնք Հայաստան են եկել ԱՄՆ-ից, պարսկահայ Լորիկ Հարթունի և գործադիր տնօրենԱննա Թադևոսյանի հետ:

-Ինչպե՞ս է առաջացել GOALS-ը ստեղծելու մտահղացումը:

Զաք Թիլեր – Ես Խաղաղության կորպուսի կամավոր էի ու սիրում էի ֆուտբոլ խաղալ: Նկատեցի, որ աղջիկներից ոչ մեկը չի խաղում: Ես շատ ակտիվ քույր ունեի՝ հարցրի նրան, թե ինչու՞ չի խաղում: Պատասխանեց, որ տղաները թույլ չեն տալիս խաղալ, ու գնդակը երբեք չեն փոխանցում: Մտածեցի, որ պետք է մեր աղջիկների սեփական ֆուտբոլային թիմը ստեղծենք: Այդպես էլ եղավ: Հետագայում կապվեցի ֆուտբոլային մարզիչների հետ, ովքեր ունեին նաև աղջիկների ֆուտբոլային թիմ: Ծրագիրն իրականացավ հայերի շնորհիվ: Եթե ծրագրում աշխատեի միայն ես՝ օտարերկրացիս, այն երբեք չէր իրականանա, բայց երբ հավաքվում են գաղափարով ոգևորված մի խումբ հայեր, հաջողության հասնելու հնարավորությունները կրկնապատվում են:

-Ինչպիսի՞ն էր գորիսցիների նախնական արձագանքը: Զաք Թիլեր – Նրանց արձագանքն այդքան էլ դրական չէր, սակայն ծնողների ներգրավածությունը ավելի վստահելի միջավայր ստեղծեց իրենց աղջիկների համար: Շատերն մտափոխվեցին, երբ նրանց խաղալիս տեսան: Որոշ աղջիկներ ստիպված էին ապացուցել իրենց համայնքին և ընտանիքին, որ կարող են, ու դա նորմալ էր: Մի քանիսը նույնիսկ դժգոհում էին, որ իրենց աղջիկներին խրախուսում էին ֆուտբոլ խաղալ: GOALS-ը ստիպողական չի, աղջիկներն իրենք են ընտրում: Շատ կարևոր է նրանց օգնել կոտրել կարծրատիպերը. եթե աղջիկ ես և ֆուտբոլ ես խաղում, չի ենթադրվում, որ տղայի վարքագիծ ունես, ֆուտբոլ խաղալ չի նշանակում այլևս չսովորել ու չաշխատել, չի նշանակում փնթի ու անհոգ լինել: Սպորտը հոբի է, ոչ թե սահմանափակում:

-Այժմ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում համայնքի մտածելակերպում: Աննա Թադևոսյան – Դա դժվար է անմիջապես փոխել, շարունակական գործընթաց է: Մեր արածն այդքան էլ հեշտ չէ: Սա շատ զգայուն թեմա է՝ հատկապես գյուղերում: Աղջիկներից շատերը Երևանում չեն եղել, չգիտեն պատից այն կողմ ինչ է կատարվում: Մասնակցելով GOALS-ին՝ նրանք տեսնում են, որ իրենց հնարավորություններն անսահման են: Քիչ-քիչ փոխվում են դեպի լավը, նոր նպատակներ են դնում իրենց առաջ, ավելի լավ են գաղափար կազմում իրենց իրավունքների մասին: Մի խոսքով, ավելին են տեսնում և ընկալում:

-Ինչպե՞ս է CAC-ն (Coaches Across Continents) համագործակցել GOALS-ի հետ: Լորիկ Հարթուն – CAC-ն՝ սոցիալական զարգացման գլոբալ սպորտի առաջատարը, գործընկեր կազմակերպություն է, որը սոցիալական ազդեցություն ունեցող խաղեր է ստեղծում և տարածում: Մեր անցկացրած դասընթացներն օգնում են ստեղծել մի միջավայր, որտեղ կարող ենք քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հավասարությունը, առողջությունը, մարդու իրավունքները: Մենք հնարավորություն ենք տալիս լուծումներ առաջարկել: Մարզիչները գտնում են, որ խոստումնալից և խրախուսիչ է այսպիսի արդյունավետ ու դրական քայլերով շարժվելը: Լինելով Պարսկաստանում ապրած կին՝ սրտիս մոտիկ եմ ընդունում GOALS-ն ու CAC-ի ամառային ճամբարները, այնտեղ մեզ անգամ մարզադաշտ գնալ չէր թույլատրվում: Բավական ոգեշնչող նախագծեր են:

-Ի՞նչն է ոգեշնչում աղջիկներին: Վիկտորյա Դոքեն – Կարծում եմ, որ աղջիկները հիմնականում իրենք են իրենց մոտիվացնում: Թիմում տիրող ընկերական միջավայրը հանդիսանում է քաջալերանքի և մոտիվացիայի հիմք: Ես ինքս տեսնում եմ աղջիկներին խաղալիս, նրանք ավելի ուժեղ են, քան տղաները, ավելի քիչ հավանականություն ունեն ընկնելու և վնասվելու, քանի որ նրանք ապացուցելու բան ունեն՝ ամուր են իրենց պահում: Հաշվի առնելով, որ ավելի շատ են մարզիչների հետ պարապել, կարծում եմ, աղջիկները տղաներից ավելի լավ են խաղում: Դրայվը հենց նրանցից է գալիս: Շատ ավելի աղջիկներ ու մարզիչներ են ցանկանում միանալ: Ժողովուրդն ուզում է դառնալ մասնակից: Համայնքն այժմ շատ է աջակցում մեզ: GOALS-ի ընտանիքը կամաց-կամաց մեծանում է:

Անահիտ Ակկամ

1 view0 comments

Comments


bottom of page