ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Մասնագիտական պարտադիր դասընթացներ
Տարի 1
Մեդիատեքստի ստեղծման սկզբունքներ (4 կրեդիտ)
Դասընթացը նպատակ ունի ուսանողներին սովորեցնել աշխատել պատմությունների վրա և պատրաստել դրանք հրապարակման: Այն կծանոթացնի լրագրողական հիմնական սկզբունքներին և կսովորեցնի կատարելագործել հարցազրույց վարելու, տեղեկություններ հավաքելու, հետազոտություն կատարելու և մեդիա տեքստեր ստեղծելու հմտությունները, կզարգացնի բազմակողմանի և քննադատական մտածողությունը: Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան ընտրել թեմա, աշխատել աղբյուրների հետ, պատրաստվել հարցազրույցի, վարել հարցազրույցներ, լրագրողական նյութեր պատրաստել բոլոր հիմնական ժանրերով:
Ձայնագրման և նկարահանման տեխնոլոգիաներ (2 կրեդիտ)
Այս դասընթացը միտված է 21-րդ դարի լրագրողին անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներով զինելուն, տեսանկարահանման և ձայնագրման սարքերով և մոնտաժային ծրագրերով աշխատելու հմտություններ ձևավորելուն։ Այն կսովորեցնի կիրառել ժամանակակից ձայնագրող և նկարահանող սարքերի տարբեր հնարավորություններ՝ որակյալ նյութ պատրաստելու համար․ օգտագործել ժամանակակից լրագրողին անհրաժեշտ մոնտաժային հավելվածներն ու համակարգչային ծրագրերը, աշխատել մի քանի սարքերով տեսագրված և ձայնագրված նյութերի հետ, պատկերացնել հաղորդման, տեսանյութի, տեսահոլովակի նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները:
Ֆոտոլրագրություն և ֆոտոմոնտաժ (2 կրեդիտ)
Ֆոտոպատմություններ ստեղծելը ժամանակակից լրագրողի կարևորագույն հմտություններից է։ Դասընթացը ուսանողներին կփոխանցի ֆոտոնկարահանող սարքեր օգտագործելու հմտություններ, կծանոթացնի ֆոտոմոնտաժի համակարգչային ծրագրերին, պատմությունը վիզուալ ներկայացնելու հնարքներին, նկարահանման պրոցեսի կազմակերպման սկզբունքներին։ Դասընթացի ավարտին նրանք կկարողանան լուսանկարել՝ օգտագործելով լուսանկարչական ապարատի տարբեր հնարավորությունները, խմբագրել լուսանկարը ֆոտոմոնտաժի ծրագրերով, ներկայացնել իրադարձությունը լուսանկարի միջոցով, ստեղծել ֆոտոպատմություններ:
Հետազոտական մեթոդները լրագրությունում (2 կրեդիտ)
Մագիստրոսական կրթական ծրագրի կարևորագույն խնդիրներից է ուսանողների հետազոտական հմտությունների զարգացումը, ինչը թույլ կտա մեծացնել գիտական աշխատանքներում ներգրավվելու մոտիվացիան։ Այս դասընթացի միջոցով ուսանողները կտիրապետեն գիտական հետազոտության մեթոդներին, գրավոր գիտական խոսքի մշակույթին, գիտական նյութերի շարադրման սկզբունքներին, հղումները և մեջբերումներն օգտագործելու գիտական կանոններին, մագիստրոսական թեզի ձևավորման և ներկայացման հմտություններին։ Ուսանողները կկարողանան մշակել գիտական հետազոտության կառուցվածքը, փնտրել և գտնել գիտական տեղեկություններ, համադրել դրանք և զարգացնել փաստարկներ, ամփոփել և վերլուծել հետազոտության արդյունքները, ստացած տեսական գիտելիքներն օգտագործել ապագա մասնագիտական գործունեության մեջ:
Մեդիաբովանդակության ստեղծում օտար լեզվով-1 (6 կրեդիտ)
Դասընթացի հիմնական նպատակն է փոխանցել գիտելիքներ և ձևավորել անհրաժեշտ հմտություններ անգլերենով մեդիա բովանդակություն ստեղծելու համար՝ հայաստանյան և միջազգային աշխատաշուկայում մասնագիտական կարողություններն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով: Ուսանողները պատկերացում կստանան տարբեր լեզվամտածողություններ կրողների շրջանում լրագրության առանձնահատկությունների և սկզբունքների մասին, կտիրապետեն լրագրողներին անհրաժեշտ բառապաշարին, կվերլուծեն անգլալեզու առաջատար լրագրողների աշխատանքները և նրանց մեթոդները, որոնք կնպաստեն ուսանողների՝ սեփական ոճի և հանրային կերպարի ստեղծմանը:
Նախապայման՝ լրագրութան հիմունքներ, մայրենի լեզվով լրագրողական տեքստերի կազմման հմտություններ, գրավոր/բանավոր անգլերեն հաղորդակցության սկզբունքներ (B2 C1 մակարդակ)։
Տարի 2
Զանգվածային հաղորդակցման տեսություն և գործիքներ (2 կրեդիտ)
Ժամանակակից մեդիա ոլորտում դասական հաղորդակցման մոտեցումների և հմտությունների կիրառումը չափազանց կարևոր է։ Այս դասընթացը ուսանողների մոտ կձևավորի հմտություններ, որոնք կօգնեն հասկանալ տեղեկությունների, գաղափարների ու մտքերի մշակման, ընկալման և փոխանցման արդյունավետ մեխանիզմները և դրանց գործադրման ձևերը, կազմել հաղորդակցման մոդելներ և ֆորմատներ՝ առավելապես լրագրության և հանրային կապերի ոլորտում: Ուսանողները կտիրապետեն հետազոտելու միջոցով տեսությունը գործնականի վերածելու հմտություններին՝ մեդիայի ոլորտում արդունավետ գործունեություն ծավալելու համար:
Մեդիաբովանդակության ստեղծում օտար լեզվով -2 (6 կրեդիտ)
Դասընթացի նպատակը ուսանողների մոտ օտարալեզու լրագրողական տեքստերի հետ աշխատելու հմտությունները զարգացնելն է։ Նրանք հնարավորություն կունենան գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել օտար լեզվով լրագրողական տեքստեր պատրաստելու համար ձեռք բերած գիտելիքները։ Կպատրաստեն լրագրողական նյութեր՝ օգտագործելով օտար լեզուներով լրագրողական տեքստեր պատրաստելու առանձնահատկությունների և սկզբունքների մասին ստացած գիտելիքները և անհրաժեշտ բառապաշարը, ինչպես նաև միջազգային մամուլի հրապարակումներից կպատրաստեն նյութեր՝ հայաստանյան մեդիաների/լսարանի համար՝ փոխանցելով նյութերի ճիշտ համատեքստը:
Նախապայման՝ լրագրութան հիմունքներ, մայրենի լեզվով լրագրողական տեքստերի կազմման հմտություններ, Մեդիա բովանդակության ստեղծում օտար լեզվով-1 դասընթացի յուրացում։
Մուլտիմեդիա լրագրության ուղղություն
Ռադիոարտադրություն (2 կրեդիտ)
Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել ռադիոլրագրության սկզբունքների, առանձնահատկությունների, արտադրության փուլերի, անհրաժեշտ սարքավորումների, արտահայտչամիջոցների մասին հիմնարար գիտելիք ու հմտություններ, որոնք թույլ կտան մշակել ռադիո հաղորդաշարերի և տարբեր աուդիո ֆորմատների հայեցակարգեր, պատրաստել տարբեր ժանրերով աուդիո նյութեր, կատարել տեխնիկապես գրագետ ձայնագրություններ, կազմել աուդիո նյութի սցենար, աշխատել աուդիոմոնտաժի ծրագրերով և ինքնուրույն խմբագրել սեփական նյութերը, տեղադրել և տարածել աուդիո պատմությունը առցանց։ Դասընթացը հնարավորություն կտա ուսանողներին հարստացնել աշխարհայացքը, մասնագիտական փորձը, զարգացնել վերլուծական և քննադատական կարողությունները։
Հեռուստաարտադրություն (2 կրեդիտ)
Դասընթացը կծանոթացնի հեռուստաարտադրության հիմնական փուլերին, անհրաժեշտ տեխնիկական բազային, ժամանակակից հեռուստատեսության ֆորմատներին, հեռուստալրագրության հիմնական ժանրերին, դրանց մատուցման սկզբունքներին և առանձնահատկություններին։ Այն հնարավորություն կտա ինքնուրույն մշակել և ներկայացնել հեռուստաարտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող հայտեր, պատրաստել տարբեր ժանրերով հեռուստատեսային նյութեր։ Դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա կողմնորոշվել հեռարձակվող մեդիաների տեսակներում, համեմատել և համադրել դրանք և ընտրել տեղեկությունը մատուցելու ճիշտ խողովակը, դա անելու ձևերը:
Հաղորդավարական հմտություններ (2 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կտա ուսանողներին դրսևորել եթերային բանավոր և գրավոր խոսքի կուլտուրայի իմացություն մեդիա տարածքում: Այն կձևավորի լեզվաբանական և այլ գիտությունների հետ խոսքի տեսության առնչությունների, խոսքի տրամաբանական և հոգեբանական հիմունքների իմացություն, եթերային խոսքի տեխնիկայի հիմնական տարրերին տիրապետելու, եթերային բանավոր և գրավոր խոսք կառուցելու և ճիշտ մատուցելու հմտություններ։
Նախապայման՝ «Մեդիա բովանդակության ստեղծման տեխնոլոգիաներ», «Հայոց լեզու» և «Հնչյունաբանություն» դասընթացներ։
Մուլտիմեդիա լրագրության գործիքներ (2 կրեդիտ)
Դասընթացը կսովորեցնի կառուցել արդյունավետ մուլտիմեդիա բովանդակություն, ստեղծել մուլտիմեդիա արտադրանք՝ աշխատելով մուլտիմեդիա գործիքներով: Ուսանողները կկարողանան փորձարկել տեքստի, պատկերի և ձայնի համադրության հիմունքները՝ մուլտիմեդիա պատմություն ներկայացնելու համար, կիրառել մուլտիմեդիայի ստեղծման գործիքները, կազմել մուլտիմեդիա պատմությունների սցենարներ և հատուկ ծրագրեր:
Տվյալների լրագրություն և վիզուալացում-1 (2 կրեդիտ)
Դասընթացը կսովորեցնի հավաքել տվյալներ բաց շտեմարաններից, ինչպես նաև հարցումների օգնությամբ փոխակերպել տվյալների ֆորմատները, տվյալների հիմքով ստեղծված պատմությունների համար պարզ գրաֆիկներ կառուցել: Ուսանողները կկարողանան կազմել ու օգտագործել տվյալների տեղական և միջազգային բազաները, դրանք վերլուծել, աշխատել գուգլ աղյուսակներով:
Տվյալների լրագրություն և վիզուալացում-2 (4 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կտա ձևավորել և զարգացնել տվյալների ֆորմատները փոխակերպելու կարողություններ, զարգացնել տվյալների հիմքով ստեղծված պատմություններ պատրաստելու և դրանք վիզուալացնելու կարողություններ: Ուսանողները կկարողանան վերլուծել տվյալների բազաներից ստացված տեղեկությունները լրագրողական պատմություններ ստեղծելու համար, աշխատել գուգլ աղյուսակներով, հասկանալ HTML ու CSS լեզուները:
Նախապայման՝ «Տվյալների լրագրություն և վիզուալացում-1» դասընթաց։
Վավերագրական կինո (2 կրեդիտ)
Վավերագրական կինոն ԶԼՄ-ների տարբեր լսարանների հետ կապի և փոխհարաբերությունների հաստատման կարևոր միջոցներից է։ Այն նաև որպես հաղորդակցության միջոց՝ կոնկրետ ժամանակահատվածում բարձրաձայնում է հասարակական կյանքի արդիական տարբեր խնդիրների մասին։ Այս դասընթացի միջոցով ուսանողները գիտելիքներ ձեռք կբերեն վավերագրական կինոյի պատմության և տեսության վերաբերյալ, ինչպես նաև կսովորեն վավերագրական ֆիլմի դրամատուրգիայի հիմունքները: Նրանք կուսումնասիրեն վավերագրական ֆիլմերի տեսակները, ժանրերն ու ոճերը, փաստագրական նկարահանման մեթոդները: Դասընթացի ավարտին ուսանողները կարողանան միավորել տեսական գիտելիքները պրոդյուսերի, սցենարիստի, ռեժիսորի և օպերատորի աշխատանքի գործնական հմտությունների հետ։
Մեդիաբովանդակության խմբագրում և թողարկում (2 կրեդիտ)
Դասընթացը կսովորեցնի ուսանողներին լրագրողական տեքստերի ոճական, բովանդակային խմբագրման, տվյալների ճշտման, եզրույթների նույնականացման, խմբագրված նյութերի հրապարակման նախապատրաստության և հրապարակման սկզբունքները և մոտեցումները: Նրանք կկարողանան խմբագրել լրագրողական տեքստերը և հրապարակել դրանք։
Մեդիամենեջմենթ և մարքեթինգ (2 կրեդիտ)
Այս դասընթացը մեդիայի կառավարման ու մարքեթինգի հիմնական սկզբունքներին է ծանոթացնում։ Այն հնարավորություն կտա դրսևորել մեդիա մենեջմենթի և մարկետինգի հիմնարար տեսությունների, մեդիայի կառուցվածքի, կազմակերպչական մշակույթների տարբերությունների, պլանավորման, մեդիա վաճառքի սկզբունքների իմացություն, կիրառել մենեջմենթի և մարքեթինգի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները կառավարչական խնդիրներ լուծելիս, ձեռք բերել և վերլուծել ոլորտի զարգացումներին և միտումներին վերաբերող տեղեկություններ, ներկայացնել սեփական գաղափարները և ծավալել ոլորտին վերաբերող քննարկումներ մասնագիտական և ակադեմիական շրջանակներում:
Մուլտիմեդիա խմբագրության աշխատանքի կազմակերպում (4 կրեդիտ)
Դասընթացի գլխավոր նպատակը ուսանողներին մուլտիմեդիա խմբագրության աշխատանքի տարբեր փուլերին ծանոթացնելը և մուլտիմեդիա միջավայրում աշխատելու գործնական հմտություններ փոխանցելն է։ Այն թույլ կտա ստեղծել, կառավարել և գործարկել կոնվերգենտ խմբագրություն, հասկանալ և ճանաչել տեխնոլոգիաները, որոնք փոխում են պատմությունների բովանդակությունը, ինչպես նաև աշխատել խմբագրական մեկ թիմում։ Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան ստեղծել բովանդակություն միաժամանակ տարբեր մեդիահարթակների համար, ինչպես նաև հասկանալ ինտերնետում բովանդակության տարածման միտումները:
Մասնագիտական կամընտրական դասընթացները
Նախագծի կառավարում (2 կրեդիտ)
Դասընթացը ծանոթացնում է արդյունավետ ու հաջողակ նախագծեր մշակելու, կառավարելու և իրականացնելու հմտություններին։ Այն թույլ կտա հասկանալ և կիրառել նախագծի կառավարման և իրականացման բոլոր փուլերը և, ցուցաբերելով ղեկավարի կարողություններ, ներկայացնել սեփական նախագիծը մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը։ Դասընթացը կօգնի ձեռք բերել իրական նախագծի կառավարման և ստեղծման փորձառություն՝ հետագա կարիերայի և մասնագիտական գործունեության զարգացման համար։
Տեղեկությունների ստուգում (2 կրեդիտ)
Այսօր հատկապես կարևորվում է հրապարակումներում օգտագործելուց առաջ տեղեկությունները ստուգելու անհրաժեշտությունը։ Սույն դասընթացը ուսանողներին հնարավորություն կտա իմանալ տեղեկությունների ստուգման տեսական մոտեցումները, էթիկական նորմերը, առանձնացնել տեղեկությունների ստուգման հիմնական սկզբունքները և ժամանակակից գործիքները, տիրապետել տեղեկությունների ստուգման տեսական և գործնական մոտեցումներին, ձևակերպել հարցադրումներ՝ տեղեկությունները ստուգելու համար, տիրապետել տեղանքի, լուսանկարի ստուգման հիմնական մեթոդներին և կիրառել դրանք, իրականացնել խորացված որոնում սոցցանցերում և այդ նպատակով ստեղծված առանձին կայքերում, ինքնուրույն փնտրել և բացահայտել լուսանկարների ստուգման նոր գործիքներ, դիտարկել տեսանյութը որպես լրացուցիչ տեղեկատվության աղբյուր։
Մեդիագրագիտություն (2 կրեդիտ)
Ներկայից լրագրության թիրախային խնդիրներից է մեդիագրագիտությունը։ Շատ կարևոր է, որ ուսանողները պատկերացում ունենան մեդիա դաշտի, մեդիայի դերի, ազդեցության, լրատվամիջոց-լսարան կապի ու սպառողի առջև ունեցած պատասխանատվության մասին։ Այս դասընթացի միջոցով ուսանողները կկարողանան գնահատել մեդիայի ու լրագրության դերը, աշխատանքի սկզբունքները, լսարանի հանդեպ պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը, քննադատորեն վերլուծել տեղեկությունները, մեդիա արտադրանքը, պատասխանել մեդիագրագիտության հիմնական հարցերին, տարբերակել հավաստի ու կեղծ տեղեկությունները և ստուգել դրանք:
ԶԼՄ օրենսդրություն և էթիկա (2 կրեդիտ)
Լրագրողն իր ամենօրյա մասնագիտական գործունեության մեջ պետք է առաջնորդվի լրագրողական էթիկայի կանոններով և ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Այս նպատակին է ծառայում դասընթացը, որը կծանոթացնի զանգվածային լրատվության միջոցների բնագավառին վերաբերող միջազգային իրավական նորմերին ու Հայաստանում գործող օրենսդրությանը, ինչպես նաև էթիկական նորմերին։ Ուսանողները կկարողանան սեփական գործունեությունը և լրատվամիջոցի աշխատանքը կազմակերպել լրագրության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և միջազգային իրավական փաստաթղթերին և էթիկական նորմերին համապատասխան:
Ճգնաժամային լրագրություն (2 կրեդիտ)
Դասընթացը միտված է զարգացնել ճգնաժամային լրագրության ժանրում աշխատելու տեսական և գործնական կարողություններ։ Այն հնարավորություն կտա ուսանողներին ներկայացնել կոնֆլիկտների լուսաբանման տեղական ու միջազգային փորձը, նրանց զինել ճգնաժամային իրավիճակները լուսաբանելու և գնահատելու տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով: Նրանք կկարողանան լուսաբանել հակամարտությունները, բախումները, համանման իրավիճակները, ինչպես նաև դրանց հնարավոր հանգուցալուծումները, վերլուծել իրավիճակը, կայացնել մասնագիտական որոշումներ, տեղեկացնել՝ պահպանելով էթիկայի կանոնները, ներկայացնելով աղբյուրները, օգտագործելով փաստերն ու ֆորմատները:
Միջազգային լրագրություն (2 կրեդիտ)
Ժամանակակից աշխարհում կարևորվում է տեղեկության փոխանցումը ոչ միայն տեղական, այլ նաև համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ։ Այս դասընթացը կսովորեցնի միջազգային լրահոսը թարգմանաբար հայ լսարանին փոխանցելու վարպետությունը։ Այն հնարավորություն կտա առաջատար լրատվամիջոցների ռեպորտաժների ու վերլուծությունների օգնությամբ ուսումնասիրել աշխարհում կատարվող իրադարձությունները, նաև քննարկել տվյալ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների մոտեցումները, լրագրողի դերը տարբեր խնդիրների լուսաբանման հարցում, սովորեցնել կազմել միջազգային թեմաների վերաբերյալ տեսություն և մեկնաբանություն:
Հնարավորություն կունենաք սովորել օտար լեզուներ