ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Մասնագիտական պարտադիր դասընթացներ
Տարի 1
Լրագրության հիմունքներ (4 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կտա ուսումնառողներին գիտելիք ձեռք բերել մեդիա համակարգի, լրագրության և լրագրողի գործառույթների, լրագրողի մասնագիտության զարգացման օրինաչափությունների մասին։ Դասընթացն ուսումնասիրելով ապագա լրագրողները կկարողանան առանձնացնել լրագրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, հասկանալ ԶԼՄ-ների համակարգը և դրա տեղն ու դերը հասարակության կյանքում, դասակարգել զանգվածային լրատվության հիմնական միջոցները և դրանց առանձնահատկությունները, տարբերակել լրագրության ժանրային հիմնական խմբերը, մեդիա տեքստերը և դրանց բնորոշ գծերը:
Լրագրության վարպետություն-1 (4 կրեդիտ)
Լրագրության ոլորտում ստեղծագործելու գործնական հմտություններ են ձևավորում վարպետության դասընթացները։ «Լրագրության վարպետություն-1»-ը, հիմնվելով տեղեկատվական ժանրերի, մասնավորապես՝ լուրի կառուցվածքային առանձնահատկությունների վրա, հնավորություն է տալիս տարբերակել լուրի և լսարանի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների չափորոշիչները, սահմանել լուրի կառուցվածքը և տեսակները, առանձնացնել լիդի տեսակները: Ուսանողները կարող են ընտրել տարբեր աղբյուրներ և ձեռք բերել տեղեկություններ հավաքագրելու կարողություններ, գրել լիդ՝ կիրառելով տեսական գիտելիքները, վերնագրել նյութը, գրել լուր՝ պահպանելով ժանրի պահանջները:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ» դասընթացը:
Տեղեկությունների ստուգում (3 կրեդիտ)
Տվյալ դասընթացը կծանոթացնի հրապարակումներում տեղ գտնող տեղեկությունները ստուգելու հմտություններին։ Այն թույլ կտա առանձնացնել ստուգման ենթակա տվյալները, ձևակերպել հարցադրումներ տեղեկությունները ստուգելու համար, կատարել արագ և արդյունավետ որոնում ինչպես ցանցերում, այնպես էլ այդ նպատակով ստեղծված առանձին կայքերում, օգտվել բաց տվյալների աղբյուրներից, առանձնացնել պատկերում ստուգման ենթակա բովանդակությունն ու օգտվել առկա առցանց ռեսուրսներից, ինքնուրույն փնտրել և բացահայտել լուսանկարների ստուգման նոր գործիքներ, դիտարկել տեսանյութը որպես լրացուցիչ տեղեկատվության աղբյուր, որի օգնությամբ կարելի է ստուգել բուն տեսանյութը, որոնել տեսանյութի մասին լրացուցիչ տեղեկություններ և այլն։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության վարպետություն-1» դասընթացները:
Տարի 2
Լրագրության վարպետություն-2 (2 կրեդիտ)
«Լրագրության վարպետություն-2» դասընթացը ուսանողներին պատրաստում է իրական հարցազրույցներ ինքնուրույն իրականացնելուն։ Այն ուսանողին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել հարցազրույցը որպես ժանր և մեթոդ, ծանոթացնում է հարցազրույց վարելու կանոններին, զարգացնում տարբեր աղբյուրների հետ աշխատելու և տեղեկություններ հավաքագրելու հմտություններին՝ ձևավորելով հարցազրույց ժանրում նյութեր պատրաստելու կարողություններ։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն-1» դասընթացները:
Լրագրության վարպետություն -3 (2 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն է ընձեռում «մոտիկից ծանոթանալու» տեղեկատվական հերթական ժանրին՝ ռեպորտաժին, տարբեր մեդիաներում դրա առանձնահատկություններին: Ուսանողները կսովորեն հաջող ռեպորտաժ պատրաստելու գաղտնիքները՝ ձեռք բերելով աղբյուրների հետ աշխատելու և տարբեր իրադարձություններ լուսաբանելու հմտություններ։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն-1» և «Լրագրության վարպետություն-2» դասընթացները:
ԶԼՄ պատմություն-1 (3 կրեդիտ)
Այս առարկան հնարավորություն է տալիս ապագա լրագրողներին ստանալ հիմնարար գիտելիքներ մամուլի ստեղծման և զարգացման վրա ազդող տարբեր գործոնների, ինչպես նաև մամուլի պատմության, առաջատար երկրների լրատվամիջոցների ձևավորման առանձնահատկությունների և փորձի մասին: Լրագրության պատմության ուսումնասիրությունը կարևոր պայման է զանգվածային լրատվության միջոցների ապագա աշխատակիցների ձևավորման գործում, նրանց զինում է անհրաժեշտ գիտելիքներով և կարողություններով՝ ճիշտ հասկանալու և վերլուծելու մեդիա համակարգի զարգացումները, լրատվամիջոցների տեսակների և բովանդակաության վրա ազդող տարբեր գործոնները:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ» դասընթացը:
ԶԼՄ պատմություն-2 (3 կրեդիտ)
Դասընթացը ուսանողներին կներկայացնի լրատվամիջոցների զարգացման հիմնական օրինաչափությունները, մարդկության և առանձին պետությունների զարգացման տարբեր փուլերում ԶԼՄ-ների համակարգի և տեսակների ձևավորման առանձնահատկությունները, լրատվամիջոցների համաշխարհային փորձը, տարբեր երկրների մեդիա շուկաների զարգացման կանոնները։ Այն հնարավորություն կընձեռի կողմնորոշվել համաշխարհային մեդիա շուկայում, հասկանալ դրա ձևավորման և զարգացման առանձնահատկությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, վերլուծել ԶԼՄ-ների համակարգը, լրատվամիջոցների առանձին տեսակների ստեղծման և զարգացման հնարավորությունները՝ համադրելով դրանց գործառության վրա ազդող տարբեր իրողություններ։
Նախապայման՝ «ԶԼՄ պատմություն-1» դասընթացը:
ԶԼՄ օրենսդրություն և ինքնակարգավորում (3 կրեդիտ)
Ամենօրյա մասնագիտական գործունեության մեջ լրագրողը պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրության և լրագրողական էթիկայի կանոնների համապատասխան:
Զանգվածային լրատվության միջոցների բնագավառին վերաբերող միջազգային իրավական նորմերին ու Հայաստանում գործող օրենսդրությանը, ինչպես նաև ինքնակարգավորման մեխանիզմներին կծանոթացնի սույն դասընթացը։ Այն թույլ կտա հասկանալ ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող օրենսդրության և ինքնակարգավորման մեխանիզմները, սեփական գործունեությունը և լրատվամիջոցի աշխատանքը կազմակերպել լրագրության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական փաստաթղթերին և էթիկական նորմերին և ինքնակարգավորման այլ մեխանիզմներին համապատասխան:
Տարի 3
Լրագրության վարպետություն-4 (2 կրեդիտ)
Վերլուծական ժանրերով ստեղծագործելու գործնական հմտություններ ուսանողը կկարողանա ձեռք բերել՝ ուսումնասիրելով «Լրագրության վարպետություն-4» դասընթացը։ Հիմնվելով ժանրային այդ խմբի, մասնավորապես՝ տեսության, մեկնաբանության, հոդվածի կառուցվածքային առանձնահատկությունների վրա՝ ուսանողները հնարավորություն կունենան ընտրել թեմաներ, պատրաստել տարբեր հոդվածներ, տեսություններ և մեկնաբանություններ՝ հավաքելով հնարավորինս շատ աղբյուրներից տեղեկություններ՝ վերլուծելով, և/կամ մեկնաբանելով դրանք:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն-1», «Լրագրության վարպետություն-2» և «Լրագրության վարպետություն-3» դասընթացները:
Լրագրության վարպետություն-5 (2 կրեդիտ)
Դասընթացը կամփոփի «Լրագրության վարպետություն» դասընթացների շարքը՝ հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գեղարվեստական-հրապարակախոսական ժանրերով ստեղծագործելու գործնական հմտություններ։ Հիմնվելով ժանրային այդ խմբի, մասնավորապես՝ ակնարկի, էսսեի կառուցվածքային առանձնահատկությունների վրա՝ նրանք կսովորեն տարբերակել դիմանկարային, ճամփորդական և իրադարձային ակնարկները, էսսեի տեսակները, դրանց պատրաստման առանձնահատկությունները, ինչպես նաև պատրաստել ակնարկ և էսսե՝ տարբեր տեսակի լրատվամիջոցների համար:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն-1», «Լրագրության վարպետություն-2», «Լրագրության վարպետություն-3» և «Լրագրության վարպետություն-4» դասընթացները
Տեսաձայնագրման հիմունքներ և մոնտաժ (3 կրեդիտ)
Դասընթացը ուսանողներին հնարավորություն կտա ծանոթանալ լրագրողական գործիքներին՝ ձևավորելով ժամանակակից ձայնագրող սարքերի տեսակները տարբերակելու, լրագրողին անհրաժեշտ մոնտաժային հավելվածներն ու համակարգչային ծրագրերը կիրառելու, ձայնագրման և մոնտաժային տեխնիկան՝ ձայնագրիչները, համակարգչային ծրագրերը ճիշտ օգտագործելու հմտություններ: Այն նաև թույլ կտա ճիշտ օգտվել տեսանկարահանող սարքերից և մոնտաժային ծրագրից, ինքնուրույն նկարահանել և մոնտաժել, ներկայացնել իրադարձությունը տեսաշարի միջոցով, ստեղծել աուդիո ռեպորտաժներ: Ուսանողներն ամբողջությամբ կտիրապետեն ռադիոյի և հեռուստատեսության աշխատանքի տեխնիկական հիմունքներին և մոնտաժի համար նախատեսված համակարգչային ծրագրերին:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն» դասընթացները:
Ռադիոլրագրություն (2 կրեդիտ)
Այս դասընթացի միջոցով ուսանողները կծանոթանան ռադիոհաղորդումների բովանդակության ստեղծման սկզբունքներին, ձայնի և տեքստի միջոցով պատմություն պատմելու արվեստին։ Այն հնարավորություն կընձեռի ստանալ հիմնարար գիտելիքներ ռադիոլրագրության առանձնահատկությունների, ժանրերի, դրանց տեքստերի ստեղծման սկզբունքների մասին և զարգացնել ռադիոյում լրատվական ժանրերի արտադրանք ստեղծելու հմտությունները։ Կներկայացվեն ձայնի միջոցով պատմություններ ստեղծելու, ռադիոհաղորդումների համար տեքստեր գրելու, տեքստի և ձայնի ճիշտ համադրման գաղտնիքներն ու հնարքները՝ թույլ տալով պատրաստել աուդիո նյութերի սցենարներ, գրագետ ձայնագրել և մոնտաժել աուդիո նյութերը։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն», «Տեսաձայնագրման հիմունքներ և մոնտաժ» դասընթացները:
Հեռուստալրագրություն (3 կրեդիտ)
Այս դասընթացը ծանոթացնում է հեռուստահաղորդումների բովանդակության ստեղծման սկզբունքներին, ձայնի, պատկերի և տեքստի միջոցով պատմություն պատմելու արվեստին։ Այն հնարավորություն կընձեռի ստանալ հիմնարար գիտելիքներ հեռուստալրագրության առանձնահատկությունների, ժանրերի, դրանց տեքստերի ստեղծման սկզբունքների մասին և զարգացնել հեռուսատատեսության լրատվական ժանրերի արտադրանք ստեղծելու հմտությունները։ Կներկայացվեն ձայնի և պատկերի/վիդեո/ միջոցով պատմություններ ստեղծելու, հեռուստահաղորդումների համար տեքստեր գրելու, տեքստի և ձայնի, տեքստի և պատկերի, միաժամանակ տեքստի, պատկերի և ձայնի ճիշտ համադրման գաղնիքներն ու հնարքները՝ թույլ տալով պատրաստել հեռուստատեսային նյութերի սցենարներ, գրագետ նկարահանել և մոնաժել հեռուստատեսային նյութեր։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն», «Տեսաձայնագրման հիմունքներ և մոնտաժ» դասընթացները:
Եթերային խոսքի վարպետություն (2 կրեդիտ)
Մեդիա տարածքում շատ կարևոր է դրսևորել եթերային բանավոր և գրավոր խոսքի կուլտուրայի իմացություն։ Դասընթացը կզարգացնի ուսանողների խոսքի կուլտուրան՝ ձևավորելով հայերեն բանավոր խոսքի արտահայտման ունակություններ և հմտություններ, փոխանցելով գիտելիքներ եթերային էթիկայի /խոսք, արտաքին տեսք/ մասին: Դասընթացը կարևորում է խոսքի տեսության առնչությունները լեզվաբանական և այլ գիտելիքների հետ, խոսքի տրամաբանական և հոգեբանական հիմունքները և թույլ կտա տիրապետել եթերային խոսքի տեխնիկայի հիմնական տարրերին /շնչառություն, առոգանություն/, կառուցել և ճիշտ մատուցել եթերային բանավոր և գրավոր խոսք, պահպանել էթիկական նորմերը հեռուստա և ռադիո եթերում:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն», «Հայոց լեզու», «Հեռուստալրագրություն» և «Ռադիոլրագրություն» դասընթացները:
Ֆոտոլրագրության հիմունքներ (2 կրեդիտ)
Լուսանկարահանման և մոնտաժի աշխատանքային սկզբունքներին է ծանոթացնում այս դասընթացը և նպատակ ունի զարգացնել ուսանողների լուսանկարչական հմտությունները։ Այն հնարավորություն կտա պատկերացնել ու տարբերակել լուսանկարահանման և ֆոտոմոնտաժի հիմնական հասկացությունները և սկզբունքները, գեղարվեստական և տեղեկատվական լուսանկարչության առանձնահատկությունները, ֆոտոլրագրողների հիմնական առանձնահատկություններն ու բնորոշ գծերը, առցանց ԶԼՄ-ներով փոխանցվող տեղեկությունների նկատմամբ առաջադրվող պատկերայնության պահանջները, պատկերների հոգեբանական ազդեցության հնարավորությունները, բացահայտել լուսանկարահանման այնպիսի մեթոդներ, որոնք կմեծացնեն պատկերի գրավչությունն ու իմաստային կարևորությունը:
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ», «Լրագրության վարպետություն» դասընթացները:
Մուլտիմեդիա լրագրության հիմունքներ (3 կրեդիտ)
Դասընթացի նպատակը տարբեր մեդիա հարթակներում լրագրողի աշխատանքի նպատակների, առաքելության և փորձի մասին հիմնարար գիտելիքների ձևավորումն է։ Այն կծանոթացնի լրագրողի գործունեության առանձնահատկություններին և մուլտիմեդիա խմբագրությունների գործառությանը, կձևավորի պատկերացումներ լրագրողի աշխատանքային փուլերի (տեղեկությունների հավաքում, վերլուծություն, նյութի կառուցվածքի և փաթեթավորման մշակում տարբեր հարթակների համար) մասին։ Նրանք կկարողանան ստեղծել տեղեկատվական նյութեր՝ տեքստի, լուսանկարների, տեսա և ձայնային նյութերի համադրությամբ։ Դասընթացը կզարգացնի տեղեկատվական նյութերի պատրաստման ընթացքում ուսանողների անհատական և թիմային աշխատանքի կարողությունները։
Օտար լեզու լրագրողների համար-1 (4 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կտա ուսանողներին խորացնել մասնագիտական հմտությունները՝ օտար լեզվով լրագրողական նյութեր պատրաստելու համար։ Այն կծանոթացնի տպագիր, հեռարձակվող և առցանց մամուլին՝ ընդլայնելով մասնագիտական բառապաշարը և զարգացնելով օտար լեզվով նյութեր վերլուծելու և հետազոտություններ կատարելու, ինչպես նաև՝ սեփական լրագրողական նյութերն օտար լեզվով ներկայացնելու հմտությունները։ Դասընթացը հիմնականում կանդրադառնա լրագրության սկզբունքներին, կներկայացնի՝ ինչպես օտար լեզվով իրականացնել փաստերի հավաքագրում, ներկայացնել թեման և վարել հարցազրույց։ Ուսանողները ձեռք կբերեն տպագիր և առցանց մամուլի համար նյութեր պատրաստելու լեզվական հմտություններ, կծանոթանան հեռարձակվող մամուլի լեզվաոճական առանձնահատկություններին, կկարողանան վերլուծել առցանց մեդիա նյութերը և պատրաստել նյութեր՝ այդ հարթակների համար։
Նախապայման՝ մասնագիտական կրթաբլոկի «Օտար լեզու-1»-ի դասընթացները:
Օտար լեզու լրագրողների համար-2 (4 կրեդիտ)
Դասընթացը կօգնի հասկանալ մեդիայի դերը ժամանակակից աշխարհում՝ ապահովելով օտար լեզվով հաղորդակացվելու հմտություններ, զարգացնելով և հարստացնելով մասնագիտական բառապաշարը և հնարավորություն տալով վերլուծել օտարալեզու նյութեր։ Դասընթացը թույլ կտա բացահայտել զանգվածային լրատվամիջոցների տեսակները, համադրել մեդիայում առկա փաստերը և կարծիքները, ստուգել միջազգային մամուլում առկա տվյալները, ինչպես նաև տարբերակել ավանդական և սոցիալական մեդիայի օտարալեզու բովանդակությունը։ Դասընթացը կզարգացնի օտար լեզվով մեդիա բովանդակության հետ աշխատելու ուսանողների կարողությունները։
Նախապայման՝ մասնագիտական կրթաբլոկի «Օտար լեզու-1»-ի դասընթացները:
Տարի 4
Ստեղծագործական աշխատանք ԶԼՄ խմբագրությունում (5 կրեդիտ)
Պրակտիկ գիտելիքների ամուր հենք ձևավորելը լրագրողի աշխատանքում կարևորագույն խնդիրներից է։ Ուսման ավարտական տարում մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և ամրապնդելու լավագույն հնարավորություն է ընձեռում աշխատանքը խմբագրություններում։ Մրցունակ մասնագետ լինելու համար լրագրության բակալավրի կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին փորձ ձեռք բերել ՀՀ-ում գործող առաջատար լրատվամիջոցներում։ Սա բացառիկ հնարավորություն է ստեղծում հասկանալ ազատության և պատասխանատվության փոխկապակցվածությունը, զարգացնել որոշում կայացնելու հմտությունները, անընդհատ թարմացնել գիտելիքներն ու զարգացնել մասնագիտական հմտությունները։ Ուսանողները կկարողանան կիրառել կուտակած տեսական և պրակտիկ գիտելիքները և հմտությունները՝ ստեղծելով մեդիա բովանդակություն իրական լրատվամիջոցի համար:
Նախապայման՝ մասնագիտական կրթաբլոկի հիմնական դասընթացները:
Զանգվածային հաղորդակցման տեսության հիմունքներ (3 կրեդիտ)
Դասընթացն ուսանողներին ծանոթացնում է զանգվածային հաղորդակցության ոլորտում հետազոտությունների հիմնական գիտական ուղղություններին, ուսուցանում է կողմնորոշվել հասարակության մեջ լրատվամիջոցների զարգացման պատմական փուլերում, հասկանալ լրատվամիջոցների հետազոտության մոտեցումների տարբերությունները և հայեցակարգային առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց ուսումնասիրության տեսական դպրոցների տարբերությունները:
Նախապայման՝ հիմնական դպրոցի դասընթացների և բակալավրի աստիճանի ընդհանուր գիտելիքները սոցիոլոգիայի, փիլիսոփայության և այլ ոլորտներում:
Նախագծի կառավարում (2 կրեդիտ)
Կարևորելով թիմային աշխատանքն ու որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը՝ դասընթացը թույլ կտա ձևավորել արդյունավետ ու հաջողակ նախագծեր մշակելու և իրականացնելու հմտություններ։ Ուսանողները կկարողանան հասկանալ նախագծի կառավարման շրջանակը, հիմնական փուլերը և իրականացման շրջափուլը, տիրապետել նախագծերի պլանավորման, ժամանակացույցի կազմման, բյուջեի, ռիսկերի, մարդկային և այլ ռեսուրսների կառավարման սկզբունքներին, պլանավորել և ներկայացնել խմբային և անհատական նախագծերի առաջարկներ, ինչպես նաև իրականացնել սեփական նախագիծ՝ հասնելով սահմանված արդյունքներին։ Ստացած գիտելիքի և հմտությունների միջոցով նրանք կցուցաբերեն ղեկավարի կարողություններ սեփական նախագծերը պլանավորելու և իրականացնելու գործընթացում՝ դրսևորելով սեփական նախագծերը մասնագիտական և ոչ մասնագիտական հանրության շրջանում ներկայացնելու և խթանելու կարողություններ։
Օտար լեզու լրագրողների համար-3 (4 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կտա զարգացնել օտար լեզվի գիտելիքները և գործնական հմտությունները՝ տպագիր մամուլի, հեռարձակվող և առցանց լրատվամիջոցների հետ աշխատելու համար։ Ուսանողները կկարողանան ազատ հաղորդակցվել մասնագիտական օտար լեզվով՝ ճիշտ կառուցելով գրավոր և բանավոր խոսքը՝ տեղեկություններ հավաքելիս և տարածելիս։ Դասընթացի ավարտին ուսանողները կարող են գրել տպագիր և առցանց մամուլի համար, ստեղծել նյութեր՝ հեռուստատեսության և ռադիոյի համար՝ ընդունված լեզվական նորմերին համապատասխան։
Նախապայման՝ մասնագիտական կրթաբլոկի «Օտար լեզու 1»-ի դասըթնացները և «Օտար լեզու լրագրողների համար-1», «Օտար լեզու լրագրողների համար-2» դասընթացները:
Մասնագիտական կամընտրական դասընթացները:
Արվեստի լուսաբանում (2 կրեդիտ)
Դասընթացը հնարավորություն կընձեռի ձևավորելարվեստի տարբեր տեսակները/դրսևորումները հասկանալու և վերլուծելու համար անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնելարվեստին առնչվող իրադարձության/իրողության մասին տեղեկատվական և վերլուծական ժանրերով /հարցազրույց, թղթակցություն/ նյութեր պատրաստելու և գրախոսելու հմտություններ, ինչպես նաև ծանոթանալ արվեստի ոլորտի փորձագետների հետ: Դասընթացն ուսումնասիրելը թույլ կտա հասկանալ և վերլուծել արվեստի հիմնական ճյուղերը, դրանց ժանրերն ու տեսակները, ճանաչել արվեստին առնչվող իրադարձության/իրողության լուսաբանման առանձնահատկությունները, գտնել և աշխատել արվեստի լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկությունների աղբյուրների հետ, գրագետ գրախոսել արվեստի տարբեր ճյուղերին՝ գեղանկարչությանը, դասական երաժշտությանը, կինոյին և թատրոնին վերաբերողիրադարձությունները և իրողությունները:
«Մշակույթի պատմություն», «Լրագրության հիմունքներ» դասընթացները և «Լրագրության վարպետություն» դասընթացի հիմնական մասը:
Բնապահպանական լրագրություն (2 կրեդիտ)
Այս դասընթացը կծանոթացնի բնապահպանական արդի օրակարգին, բնապահպանական հիմնական եզրույթներին և բառապաշարին, շրջակա միջավայրի պահպանության թեմաներով տեղեկատվական և վերլուծական ժանրերով նյութեր պատրաստելու հմտություններին։ Այն կզարգացնի այնպիսի հմտություններ, որոնք կապահովեն ուսանողների մասնագիտական ինտեգրումը բնապահպանական հաղորդակցության ոլորտում, կօգնեն ավելի լավ հասկանալ շրջակա միջավայրը և դրա հետ կապված խնդիրները՝ բարելավելու համար ոլորտի վերաբերյալ նյութերի որակը, ճիշտ տերմինների և բառապաշարի գործածումը։
Նախապայման՝ «Լրագրության հիմունքներ» դասընթացը և «Լրագրության վարպետություն» դասընթացի հիմնական մասը:
Իրավական լրագրություն (2 կրեդիտ)
Դասընթացը ձևավորում իրավական թեմաներ լուսաբանելու հիմնական հմտությունները։ Այն կձևավորի մարդու իրավունքների վերաբերյալ բավարար գիտելիքների իմացություն՝ ուսանողների մասնագիտական գործունեությունն իրականացնելու և իրավական թեմաներ լուսաբանելու համար, ԶԼՄ-ներին տեղեկություններ տրամադրելու ձևերը տարբերակելու ունակություն, քրեական գործ, նախաքննության մարմին, գաղտնիք, անմեղության կանխավարկած, մեղադրանքի առաջադրում, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիություն հասկացությունների և եզրերի ճիշտ ընկալում:
Նախապայման՝ «ԶԼՄ օրենսդրություն և ինքնակարգավորում» դասընթացը և «Լրագրության վարպետություն» դասընթացի հիմնական մասը:
Մասնագիտական դասընթացներից զատ ուսումնասիրելու եք հետևյալ պարտադիր դասընթացները
Հայոց լեզու և գրականություն
Հայոց պատմություն
Ռուսաց լեզու
Քաղպաշտպանություն և Արտակարգ իրավիճակներ
Համաշխարհային գրականություն
Տնտեսագիտություն
Բնագիտություն և էկոլոգիայի հիմունքներ
ՏՀՏ-ները մասնագիտական ոլորտում
Ինչպես նաև հետևյալ կամընտրական դասընթացները
Համաշխարհային մշակույթ
Իրավագիտություն
Մաթեմատիկայի հիմունքներ և վիճակագրություն
Հնարավորություն կունենաք սովորել օտար լեզուներ