Չիվնինգի կրթաթոշակառու, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող (մասնագիտություն՝ դոկումենտալ ֆիլմարտադրություն), նախկին աշխատավայրեր՝ «Երկիր Մեդիա» ՀԸ, «Երևան» ամսագիր, imyerevan.com կայք, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հաղորդակցության մենեջեր, media.am կայքի «Դեպքի վայրում» շարքի հեղինակ, chai-khara.org տարածաշրջանային հարթակի թղթակից, դոկումենտալ 2 ֆիլմերի համահեղինակ
Մասնագիտությունս ընտրելիս դեռևս վստահ կողմնորոշված չէի, թե ինչով եմ ուզում զբաղվել հետագայում: Այս բաժինը միաժամանակ առաջարկում էր յուրացնել երկու մասնագիտություն: Անգլերենը ժամանակի պահանջն է, առանց դրա շատ դռներ նույնիսկ չես կարող թակել, իսկ լրագրությունը պատմություններ պատմելու ու ստեղծագործական աշխատանքի հորիզոններ էր գծագրում ինձ համար: Հետաքրքիր թվաց ու դիմեցի:
Ավարտական կուրսում մենք հնարավորություն ունեինք փորձաշրջան անցնել հայաստանյան լրատվամիջոցներից որևէ մեկում: Ես ընտրեցի հեռուստատեսությունն ու հայտնվեցի «Երկիր Մեդիայում», որտեղ երկու ամիս անց փորձնակի կարգավիճակս փոխարինվեց լրատվական բաժնի լրագրողի աշխատանքով: Դա իմ առաջին աշխատանքն էր:
Որքան անորոշ էր ինձ համար այս բաժին ընդունվելու ընտրությունս, այնքան որոշակի էր գոհունակությունս չորս տարի անց, որ ճիշտ որոշում էի կայացրել: Կարծում եմ, որ այս բաժնում կարելի է սովորել ամենակարևորը՝ սիրել լրագրությունը՝ ամեն նոր առարկայի դասախոսին ճանաչելով ու նրա հետ այս մասնագիտության նոր էջեր բացահայտելով:
Comentários