top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Մարինե Քոչարյան

Updated: Jun 22, 2020

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող

Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժնի մասին իմացել եմ, երբ լրացնում էի ընդունելության հայտը։ Վաղ հասակից հետաքրքրվում էի օտար լեզուներով և ուզում էի սովորել հենց այս համալսարանում։ Մյուս կողմից ինձ հետաքրքրում էր նաև լրագրությունը և շատ հաճելի անակնկալ էր, երբ հայտադիմումը լրացնելիս տեղեկացա, որ կարող եմ այս երկուսը համատեղել։


Մեր համալսարանի լրագրության բաժնի դասախոսների գերնպատակը մեզ լավ մասնագետ և իրենց արժանի գործընկեր դարձնելն էր։ Եթե չլինեին մեր դասախոսները, շատերս ձեռք չէինք բերի այն փորձը, որը հետագայում օգնեց գտնել մեր տեղն այս ոլորտում։ Համալսարանական տարիների կամավոր պրակտիկաների շնորհիվ ես ու համակուրսեցիներս աշխատեցինք տարբեր խմբագրություններում, կարևոր փորձ ձեռք բերեցինք, ծանոթացանք ոլորտի մասնագետների հետ, շատերը հետագայում շարունակեցին իրենց աշխատանքը այդ խմբագրություններում։ Ես սկսեցի աշխատել «Շողակաթ» հեռուստաընկերությունում որպես լրագրող և սցենարիստ։ Այնուհետև 2017 թվականից սկսեցի աշխատել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում սկզբում որպես լրագրող, իսկ այժմ՝ ուսումնական ծրագրերի համակարգող։

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժնում սովորելու առավելություններից մեկը նաև այն է, որ սովորում ես աշխատել ոչ միայն հայերեն, այլև օտարալեզու տեքստերի հետ։ Սա ինձ շատ է օգնել հետազոտություններ կատարելիս, փաստերի հետ աշխատելիս և հարցազրույցներ վարելիս։ Լրագրության բաժնի ուսանողներին խորհուրդ կտամ ուսումնասիրել նոր մեդիա գործիքներն ու ուղղությունները, լրագրության դասերին չլինել պարզապես պասիվ դիտորդ, լինել նախաձեռնող, միշտ պատրաստ նոր բան սովորել, համալսարանի դասերից բացի մասնակցել նաև տարբեր դասընթացների, հանդիպումների, միջոցառումների, շատ կարդալ և շատ աշխատել։

23 views0 comments
bottom of page