«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան
Արդարության համար պետք է ասեմ, որ իմ դեպքում լրագրության բաժին ընտրելն այնքան էլ գիտակցաբար կայացված որոշում չէր։ Առաջին հերթին, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան էի դիմել, որովհետև ուզում էի տիրապետել անգլերենին, հետագայում էլ պոլիգլոտ դառնալ։ Ու քանի որ համալսարանի ֆակուլտետներից մեկը հնարավորություն էր տալիս երկրորդ մասնագիտություն ունենալ, մտածեցի՝ իսկ ինչու ոչ։ Գիտակցաբար կայացված որոշում չէր, բայց ճակատագրական, որի համար մինչ օրս չեմ զղջում։ Ուսանողության առաջին տարիներին փնտրտուքների մեջ էի ու ինձ հաջողվեց գտնել լրագրության այն ոլորտը, որն ուզում եմ լուսաբանել։ Ոլորտի ճիշտ ընտրությունն ինձ համար շատ կարևոր է։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն առաջին անգամ գնացել եմ չորրորդ կուրսում։ Համալսարանից ուղարկել էին մի քանի ամսով պրակտիկա անցնելու, որի ավարտից հետո լրատվական բաժնի ղեկավարն աշխատանքի առաջարկ արեց։ Կարծում եմ՝ ցանկացած բանի հիմքը (շինարարության, ընտանիքի, թե լրագրության), պետք է ամուր, կայուն լինի, որ հետո կարողանաս ամրապնդել, զարգացնել, ընդլայնել։ Համալսարանը, լրագրության բաժնի դասախոսներն այդ հիմքը դրել են, ուղղությունը՝ տվել։ Անհատից է կախված՝ կցանկանա՞ արդյոք ամրապնդել իր տեսական գիտելիքները գործնականում և կատարելագործել մասնագիտական հմտությունները։
Խորհուրդ կտամ արդյունավետ օգտագործել ուսանողական ոչ թե տարիները, այլ օրերը, ժամերը։ Համալսարանն ընձեռում է Ձեզ բացառիկ հնարավորություն հնարավորիս շատ ու ոչ այնքան տարածված լեզուներ սովորել, բաց մի՛ թողեք առիթը։ Լրագրողական գիտելիքներն ու լեզուների իմացությունն իրապես բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում այսօր։ Ակտիվ եղե՛ք, հետաքրքրություն ցուցաբերե՛ք Ձեզ շրջապատող աշխարհի ու մարդկանց, թեկուզ մանրուք թվացող երևույթների նկատմամբ։ Կամավորական կամ չնչին վարձատրությամբ աշխատանքից մի՛ խուսափեք, գրեթե բոլորս էլ այդ ճանապարհով ենք անցել։ Փորձառություն ձեռք բերելը, տարբեր դասընթացների մասնակցելը Ձեզ միայն օգուտ կտա։ Հետևե՛ք Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բացահայտեք Ձեզ հետաքրքրող թեմաներն ու խորապես ուսումնասիրեք դրանք։ Ինքնակրթվե՛ք անդադար, փորձեք ամեն ինչից ինչ-որ բան քաղել։ Հաջողություններ գրանցելու դեպքում էլ պետք չէ մոռանալ նրանց, ովքեր նպաստել են դրան, իսկ ձախողելու դեպքում արժե վերանայել անցած ուղին ու չվախենալ սեփական բացթողումներին առերեսվելուց։
Comments