top of page
Search
  • Writer's pictureBrusov Journalism

Անահիտ Բախշյանի դասերը

Նոյեմբերի 7-ին գրեթե 2 ժամ պատերազմն ավարտվել էր. ժպտում էինք մենք, իսկ մեր երեսները զարմանքից ծամածռվում էին, որովհետև վերջին շրջանում սառած հոգիների դիմանկարներ էին դարձել:


«Իսկ ո՞վ է խոսում. ես ուզում եմ տեսնել, տեսնե՜լ ձեզ». դառը ցավից քրքրված հոգին լույս էր երիզում շուրթերին, որովհետև նա հենց ՏԵՍՆԵԼ գիտի... Եթե միայն աչքերով չէ, որ տեսնում ես, ուրեմն ցավից կարող ես թիթեռնիկներ պոկել, որովհետև աշխարհը սգի տուն չէ, որովհետև մենք մեզ նայողներ ունենք մեր կողքին, իսկ նրանց մենք կարող ենք, օրինակ, հայրենիքի մասին պատմել միմիայն մեր իսկ օրինակով, որովհետև մենք` հայրենիքն ենք և այն ամենը, ինչ անում ենք` մենք ենք:

Ու այս ամենի ֆոնին՝ սերը չի մեռնում. «Գտեք ձեր կեսին ու ամբողջ դարձեք»: Կեսի ու ամբողջի մասին բոլոր առասպելները իրականություն դարձան, որովհետև տեսանք, որ նա ամբողջ էր մեր առջև նստած` իր սրտում սեղմած ու պինդ բռնած իր ամբողջությունը: Չգիտեմ` ժամանակ առ ժամանակ բառե՞րն էին խեղդում կոկորդը ու լցվում աչքերը, թե՞ արցունքները...


Ասաց, որ «Ապրելով ենք հաղթելու պատերազմը», որովհետև նա իր ներսի հազա՜ր-հազար պատերազմներում խաղաղության դրոշը ապրելով ու արարելով է ծածանել:

Իսկ սովորելը մնացածը ու նույնիսկ սերը հասկանալու հիմքն է, պետք է «սովորել, ամեն օր սովորել» ու չմոռանալ երբեք , որ մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչ ուզում ենք ու ինչի մասին անգամ պատկերացնել չենք կարող հիմա...


Նա Անահիտ Բախշյանն էր, փոքրամարմին, բայց մեծակշիռ էությամբ կինը, որ եկել էր բոլորիս մեկ առ մեկ տեսնելու ու լսելու, եկել էր սովորեցնելու այն ամենը, ինչը ո՛չ մանկավարժությունը, ո՛չ քաղաքականությունը ու ո՛չ էլ ֆիզիկայի բոլոր օրենքները կարող են բացատրել, եկել էր հիշեցնելու այն, ինչը մենք 42 օր էր՝ մոռացել էինք, գուցե ինքն էլ. ապրել է պետք, ապրել...


Էմմա Թադևոսյան,

ԲՊՀ, 4-րդ կուրս


Նոյեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Լրագրության» ԳՈՒԿ 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Լիլիկ Ստեփանյանի նախաձեռնությամբ «Zoom» հարթակում հանդիպեցին մանկավարժ, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանի հետ: Անմիջական զրույց ծավալվեց, որից էլ ծնվել է Էմմայի էսսեն:




37 views0 comments
bottom of page